ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՑ ԴՈՒՐՍ

Ես մտայ սրահը՝ ինչպէս մի սենեակ,
ուր խոստում կար՝ լռակեաց, անանուն,
ոչ թէ գեղեցկութեան փայլատակում,
ոչ յայտնութեան սրբազան տեսիլք,
այլ մի հեռաւոր, անորոշ յոյս՝
կեանքը գտնելու կրկին ու կրկին։

Պատերը լի էին գոյնով անթառամ,
ձեւերով, որոնք, ձեռքից ծնուած,
ձեռքերից յետոյ ապրում էին դեռ,
եւ լռութիւնը քարի պէս ծանր
պահում էր իր մէջ մի հին հրաման՝
«Մի՛ հարցրու, թէ ո՛վ էր այստեղ»։

Կտաւը նայում էր՝ աչքեր չունենալով,
քարը լռում էր՝ արքայական,
եւ ես յանկարծ հասկացայ այնտեղ՝
ինչպէս են կեանքն ու արուեստը յաճախ
դառնում սիրահարներ՝ իրարից հեռու,
վիճող, բայց իրար կարօտող անվերջ։

Ես երբեք չեմ կարծել, թէ նրանք թշնամի են,
թէ ծնուել են իրար դէմ՝ ի սկզբանէ․
Բայց երբեմն արուեստը, ինքն իրեն խմած,
մոռանում է աշխարհը, որ իրեն է ծնել,
եւ իր գեղեցկութեան փակ հայելու մէջ
աշխարհին է նայում՝ աշխարհից օտար։

Իսկ ի՞նչ է արուեստն իմ պատահական կեանքին,
որ գալիս եմ այստեղ՝ կեանք գտնելու համար։
Ին՞չ պիտի ասի գոյնը իմ արեանը,
երբ իմ իսկ սիրտը լռում է անլուր․
երբ գոյութեան հանդէպ իմ սէրը նոյնիսկ
իր խորքում է թաքցնում սեփական երկիւղը։

Ես սիրել եմ արուեստը։
Գուցէ հէնց սա է ամօթի պատճառը։
Ես կանգնել եմ գոյնի առաջ՝
ու մոռացել եմ արեան տաք կարմիրը,
հետեւել եմ մարմնի քարէ կորութեանը՝
ու չեմ նկատել կենդանի մարմինը։

Ես հիացել եմ այն ձեռքով, որ կարող էր
վէրքը պատկերել՝ գեղեցիկ ու ճշգրիտ,
մինչդեռ իսկական վէրքը, անանուն,
ինչոր տեղ շրջանակից դուրս էր բացւում,
եւ ոչ ոք չկար՝ նրա լռութիւնը լսելու,
ոչ ոք՝ նրա ցաւին անուն տալու։

Եւ, սակայն, ես այստեղ էի եկել
ոչ թէ արուեստ գտնելու, այլ կեանք։

Ահա հակասութիւնն այն սրահների,
ուր ամէն պատկեր խօսք է ձեւանում.
արուեստը գործիք է, լեզու է, նշան,
արտայայտութեան հմուտ մեքենայ,
բայց դեռ այն նիւթը չէ այն խօսքի,
որի համար մարդը ցաւում ու ապրում է։

Մինչեւ շարժումը, մինչեւ պատկերը,
մինչեւ լոյսի ու ստուերի հմայքը,
պիտի գոյութիւն ունենայ մի ցաւ՝
անանուն, անզարդ, անշուք ու ճշմարիտ,
մի բան, որ պարտաւոր չէ գեղեցկանալ,
որպէսզի ճշմարտութիւն մնա։

Գուցէ դրա համար էին կտաւները
ինձ անյանգստացնում՝ լուռ ու խորապէս.
ոչ թէ որովհետեւ կեղծ էին նրանք,
այլ որովհետեւ ձեւ էին՝ կանգնած
իմ ու այն աշխարհի միջեւ, որ փնտռում էի,
իմ ու այն կեանքի՝ որ ուզում էի զգալ։

Ես ուզում էի մի պահ հանել կեանքից
արուեստի ամբողջ շքեղ հանդերձանքը՝
գոյները, փոխաբերութիւնները,
փայլուն մակերեսներն ու դասաւորուած
մարդկային կարօտի հնարամիտ ձեւերը,
եւ անցնել այնտեղ, ուր մարդը ոճ չէ։

Այն խորքում, ուր անունը չի իշխում,
ուր ձեւը չի կարող մարդուն սահմանել,
ուր մարդը պարզապէս մարդ է մնում՝
ոչ խորհրդանիշ, ոչ կերպար, ոչ նշան,
եւ ցաւը՝ ցաւ, ու շունչը՝ միայն շունչ,
ու լռութիւնը՝ աւելի ճշմարիտ, քան խօսքը։

Գուցէ հէնց այնտեղ են նրանք,
ովքեր դեռ հաւատում են էականին՝
որ մտնելով կեանքի տարածքը՝ մարդը
շուտով տառապում է նրա գործիքներից՝
անուններից, ձեւերից, երեւոյթներից,
այն լեզուից, որ իրեն տանում է այնտեղ։

Ուր ձեռք չի հասնում, աչք չի տեսնում,
եւ բառը միշտ մի փոքր ուշանում է։
Եւ գուցէ մի օր պէտք է թողնել
գործիքը, անունը, նշանը, պատկերը
եւ իջնել աւելի խոր՝ այնտեղ,
ուր գոյութիւնը դեռ չունի մեկնութիւն։

Այդ օրը ես կրկին հանդիպեցի արուեստին։

Ես ճանաչել էի նրան նախկինում՝
վրձնի ծայրին, քարի կոշտ մարմնում,
գոյնի լուռ ու կարգապահ բռնութեան մէջ,
դէմքի սառը երկրաչափութեանը,
այն գեղեցկութեան մէջ, որ մարդուն
մօտեցնում էր արուեստին՝ կեանքից հեռացնելով։

Ամէն հանդիպում ինձ մօտ էր բերում
արուեստի սրտին, նրա փակ գաղտնիքին,
եւ նոյն այդ պահին, անհասկանալիօրէն,
կեանքիցս մի քայլ հեռացնում էր ինձ։
Ահա, նրա թաքուն դաւաճանութիւնը՝
մօտենալ արուեստին՝ հեռանալ գոյութիւնից։

Ես ուզում էի ճանաչել արուեստագէտին,
զգալ նրա մտքի մարդկային ջերմութիւնը,
զգալ, թէ ինչպէս է մի ուրիշ գիտակցութիւն
շարժւում գործի խորքում՝ կենդանի, շնչող։
Բայց վրձինը բաւական էր՝ բաժանելու մեզ,
քարը բաւական էր, կտաւը՝ առաւել։

Կտաւը կախուած էր մեր երկուսի միջեւ՝
իր ամբողջ վեհութեամբ, իր փայլով,
եւ մարդը կամաց անհետանում էր
իր իսկ արտայայտութեան ետեւում՝
ինչպէս մի դէմք, որ հայելու մէջ մնալով,
մոռացել է իր սեփական շնչառութիւնը։

Ո՛չ։

Արուեստը պիտի ունենայ մի խորութիւն՝
քմահաճութիւնից այն կողմ, զարդից այն կողմ,
այն անձնական հաճոյքից վեր,
որ մարդուն մղում է անսովոր բան ստեղծել։
Քմահաճութիւնը կեանք չի կարող կառավարել,
իսկ գեղեցիկ մակերեսը՝ գոյութեանը հրամայել։

Ոչ մի փայլուն ձեւ իրաւունք չունի
ստիպելու կեանքին ծնկի գալ իր առաջ։
Կեանքն աւելի հին է, քան գեղեցկութիւնը,
եւ ցաւը՝ աւելի խոր, քան նրա լեզուն։
Գոյութիւնը չի խնդրել, որ իրեն զարդարեն,
ոչ խորհրդանիշ է ուզում, ոչ փառք։

Եւ միտքս, հանդիպելով արուեստին,
վերադառնում է իր հին անհանգստութեանը.
ես գիտեմ՝ զգացումը մարդու ճշմարտութիւնն է,
եւ ճշմարտութիւնը երբեմն դառնում է հարց,
այնպիսի հարց, որ պատասխան չի ներում,
այնպիսի անդունդ, որ քեզ է նայում։

Եւ երբ մարդը մենակ է կանգնում
գոյութեան առաջ՝ առանց պատրանքի,
երբ հարցը հասնում է իր ամենախորը կէտին՝
ո՞րն ընտրել՝ ճշմարտութիւնը՞, թէ՞ կեանքը,
ես, նոյնիսկ այդ անդունդի եզերքին,
չեմ կարող ընտրել արուեստը՝ կեանքի փոխարէն։

Ոչ մի գեղեցիկ արուեստ։

Գուցէ հէնց սա է նրա պարտութիւնը՝
արուեստը դեռ չի սովորել մարդու մտերմութիւնը,
դեռ չի իմացել՝ ինչպէս դիպչել մարդուն
առանց նրան դարձնելու պատկեր կամ գաղափար,
առանց նրա շնչառութիւնը փոխարինելու
մի գեղեցիկ, բայց անշնչացած նշանով։

Այս պատերին կախուած պատկերները
ինձ երբեմն վիրաւորում են աւելի,
քան կարող էր վիրաւորել նրանց սառնութիւնը.
ոչ թէ իրենց գոյներով կամ ձեւերով,
այլ կեանքին այնպիսի գոյն տալու փորձով,
որ կեանքը երբեք չի խնդրել մեզնից։

Կեանքը մեր զարդը չի պահանջում։

Նա արդէն կայ՝
ձեռքերիս տակ շնչելով,
աչքերիս առաջ ծերանալով,
առանց չափի, առանց յանգի տառապելով,
առանց բեմի, առանց վարագոյրի,
առանց կոմպոզիցիայի՝ իր ճշմարտութեամբ։

Եւ այնուամենայնիւ՝
կեանքն ու արուեստը մնում են երկու լռութիւն,
որ չեն կարողանում իրար ամբողջովին հասկանալ։
Գործը միշտ չէ, որ պատասխանում է
այն մտքին, որ իր ծնունդն էր տուել.
ձեւը ծնւում է ու հպարտանում իր կեանքով,
եւ այլեւս չի ուզում ծնողին ճանաչել։

Այն չի խոնարհւում։

Գուցէ հէնց այդպէս է պահպանում իրեն՝
չապրելով այն կեանքը, որ իրեն է ծնել։
Եւ ահա վերջին, դառը հեգնանքը՝
արուեստը ապրում է այնքան երկար,
որքան չի կարող ապրել ինքը՝ կեանքը.
նա փրկւում է՝ անշնչութեան շնորհիւ։

Այստեղ՝ գոյնը, պատկերը, քարը,
ձեւի գեղեցիկ, անհրաժեշտ սուտը,
բաւական էին իրականը ստուերելու,
բաւական էին նրա մերկ իմաստը
մէկ անգամ եւս ծածկելու աչքերից,
մէկ անգամ եւս կանգնելու աշխարհի ու մարդու միջեւ։

Ես դուրս եկայ պատկերասրահից՝
ոչ արուեստը մերժած,
բայց այլեւս նրան չվստահելով։

Ետեւումս գոյները դեռ փայլում էին՝
իրենց շրջանակների ապահովութեան մէջ,
իսկ առջեւս կեանքն էր՝ առանց շրջանակի,
անաւարտ, անզարդ, անբացատրելի,
առանց գեղեցկութեան պարտադրուած օրէնքի,
առանց անունի՝ իր իսկ խորքում։

Եւ գուցէ հէնց այդ պատճառով՝
ոչ թէ գեղեցիկ,
ոչ թէ կատարեալ,
ոչ նոյնիսկ հասկանալի—
այլ շնչող,
անվերջ,
անաւարտ,
եւ այդ ամէնի մէջ՝
դեռ ճշմարիտ։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Կլենտէյլ, Գալիֆորնիա

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x