Երբ գաս իմ գիրկը ու բերես համբոյրներդ սիրոյ
Երփներանգ ծաղիկներ կը փռեմ ոտքերի տակ քո,
Եւ կ’անեմ քեզ այն ինչ գարունն է անում նշենուն,
Փաթիլ-փաթիլ թերթերով ու ճերմակութեամբ անհուն…
Ես կը բերեմ վարդերը կեանքի ու երջանկութեան,
Կը զարդարեմ նորաշէն մեր յարկը նուիրական.
Եւ խարոյկով, որ վառւում է սրտիս մէջ քո սիրով,
Կը վառեմ մեր տան բուխարիկը հրով ջերմաթով:
Սարերի հովը կը բերեմ, որ պարտէզում խնկայ,
Ու սիրոյ ողկոյզը՝ որ քամեմ շուրթերիդ վրայ.
Գարնան քրտինքը կը բերեմ ոտքերդ թրջելու,
Եւ ամռան ու աշնան բերքով տաք ծոցդ լցնելու…
Դու ինձ ոչ ոքի չես յիշեցնում, զի դու հէնց դու՛ ես.
Եւ դու ինչպէս որ ես, ինչպէս որ կ’աս, սիրում եմ քեզ.
Սրտումս թեւածող թիթեռ ես, մեղրանուշ մեղու,
Դալար նշենի ես լի գարնան բոյրով աղու…
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ



