ԾԱՂԿԱԶԱՐԴ

Գարնան մի թաց բայց արեւոտ առաւօտ
Աւետիս է տարածւում․
Սուրբ քաղաքը պիտ ընդունի մի ճամբորդ,
Մարդեղացած մարդորդուն։

Հանգրուանը եւ մօտիկ է, եւ հեռու․
Ճամբան օծուած է լոյսով․
Ժողովուրդը, աղաղակով սրտառու,
Ընդառաջում է յոյսով։

Որ գալիս է խոնարհութեամբ մարդկային,
Յոյսով, սիրով, հաւատքով,
Ու հողեղէն․․․ բայց նաեւ մի երկնային
Նուիրութեամբ հոգեթով։

Դէմքը մեղմ է, խորհրդաւոր, հեզագոյն․․․
Չարչարա՞նք, թէ անրջանք․
Ծով հայեացքում վերին պատգամ գերագոյն,
Աստուածային վեհ խոյանք։

Վարդապետը, վարդապետը․․․ աղաղակ․․․
Սրտեր, կուրծքեր հեւահար․
Տարածւում է ողջ քաղաքում ընդարձակ
Ոգեւորում հոծ, վարար։

Ու կոյրերը սկսում են լոյս տեսնել․․․
Ո՞վ է վառել ակունքը․
Բարկ, ծարաւի ոգիները սիրարբել
Իջնում են յոյս-ափունքը։

Եւ ձիթենու բուրումնաւէտ ճիւղերով
Ամբոխները զինավառ
Ծաղկազարդի խաղաղութեան պերճանքով
Գալն են տօնում հրաշափառ։

 Գրիշ Դաւթեան

 

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x