ՍՓԻՒՌՔ

Հայաստանցի չեն նրանք, որպէս պապերն էին սէգ,
Հայ են, սակայն, բոլորը, յանց պապերը նրանց սէգ։

Նոյն լեռն իրենց սրտերում, աչքերում նոյն մուրազը,
Սրտերում ջինջ սիրոյ պէս հոսում է մայր Արազը․․․

Բուռ-բուռ ցրիւ՜ ափէափ, խոր կարօտով պանդուխտի,
Բաժան-բաժան իրարից սահմաններով օտարի,
Արեւի տակ կանգնել են, տարերքային համերգում,
Ու բոլորի հետ ախպէր՝ իրենց սրտերն են կիսում։

Իրենց սրտի խորքերում նրանք ունեն երկու սէր՝
Հայրենի սուրբ սէրը վառ, եւ մայրենի անմար սէր։

Հայրենին՝ հայրենիքն է, Հայաստանն է, հայութիւն․․․
Միւս կէսը՝ մայրենին՝ ողջ աշխարհն է, մարդկութիւն․
Պարսկաստանն է դարաւոր, Մուհամմեդի Արաբիան,
Ռուսաստանի տափերից՝ առ Հոմերի Հելլադան,
Ու դեռ Հինդ ու Լեհաստան, Ամերիկա, Իտալիա,
Շուեցարիայ, Լիբանան, Արժանթին ու Ֆրանսիա․․․

Բազմաթիւ են, աշխարհն են նուիրական մայրենիք,
Իսկ Հայաստանն աշխարհում՝ մի բուռ Մասիս, հայրենիք։

Աշխարհային համերգը սրտերի մէջ նրանց լայն
Հնչում է վեհ, ներդաշնակ, վսեմանքով փառաձայն,
Եւ երգում են նրանք էլ, ձայնակցելով համերգին,
Մինչ սրտերում յորձանուտ՝ հուր մի կարօտ անմեկին․․․

Ու թէեւ յաղթ թեւերով աշխարհ գրկել են բոլոր,
Հայրենիքի գիրկը տաք դեռ մնում է հեռաւոր․․․

Նրանց սէրը անսահման ու կարօտն է յորդ վիտում,
Հայրենիքի մուրազով՝ ճամփորդ են մայրենիքում։

Հայաստանցի չեն նրանք, որպէս պապերն էին սէգ,
Հայ են, սակայն, բոլորը, յանց պապերը նրանց սէգ։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x