ԼՈՅՍԻՑ՝ ԼՈՅՍ

Հայ մշակոյթը հինաւուրց մի գետ է հոսուն,
Որ դարերի ժայռերի միջով հոսում է լուռ,
Նրա ջրում՝ մեր նախնիների երազն է մաքուր,
Եւ վաղուայ մեր սերունդների երդումը՝
Անսասան ու ամուր։

Այն գիր չէ միայն, ոչ քարէ վանք, ոչ երգ,
Ոչ ձեռագիր մատեան՝ մագաղաթի վրայ շողշող,
Այն հոգու կենսագիր է՝ դարերից եկած անեղծ,
Մի շղթայ՝ օղակ առ օղակ, որ չի բեկւում երբեք։

Ժողովուրդը ազգ է դառնում ոչ միայն արեամբ,
Այլ երբ իր ներաշխարհը կերպաւորում է խօսքով,
Երբ իր հաւատը բարձրացնում է երգի թեւերով վեր,
Եւ իր մտածումը թողնում է ժամանակի գրքով։

Քաղաքակրթութիւնը մարդու յաղթանակն է վայրենի,
Մշակոյթը՝ այդ յաղթութեան յիշողութիւնն անթեղուած,
Ուր որ կարող էր աւերել՝ մարդը շինում է սրբօրէն,
Ուր որ բռնութիւնն է գոռում՝ նա խօսում է՝ չլռած։

Ժամանակի անիւը գլորւում է՝ ծանր ու դանդաղ,
Դարիւդարիւ տանում է եւ՛ պալատ, եւ՛ փլուած քաղաք,
Մարդը մի ձեռքով լոյս է բարձրացնում դէպի երկինք,
Միւսով՝ երբեմն իր ստեղծած լոյսն է դարձնում կրակ։

Բայց պատմութեան անդունդից, կործանումից անդին,
Մի ձայն կայ՝ յամառ, անտես, բայց անպարտելի,
Որ մարդուն դէպի բարին է կանչում կրկին,
Դէպի գիտութիւն,
Ստեղծում, արժանապատուութիւն՝
Դէպի լոյսի բարձունքներ վերելքի։

Հայ ժողովրդի համար մշակոյթը տուն դարձաւ,
Երբ հայրենի հողը բաժանուեց ու ցաւեց,
Երբ սահմանն անցաւ օտարի ձեռքով ու սառեց,
Լեզուն դարձաւ հայրենիք՝
Եւ հայրենիքը չմեռաւ, չանցաւ։

Նա մեզ միացրեց՝ բաժանուած աշխարհների մէջ,
Մեզ անուն տուեց՝ երբ անունը ջնջել էին ուզում,
Եւ ասաց՝ հայրենիքը հող չէ միայն, այլեւ հոգու մէջ
Այն լեզուն, երգն ու աղօթքն են,
Որոնցով ապրում ենք ու հաղորդակցւում։

Ուստի պէտք է իջնել ժամանակների խորքը,
Ուր հողը պահում է հազարամեակների հետքը,
Ուր քաղաքներ են ծնուել, ժողովուրդներ անցել,
Եւ իւրաքանչիւր քար
Մի լուռ վկայութիւն է դարձել։

Պատմութիւնը միայն արքաների սուրը չէ,
Ոչ էլ պատերազմների աղմկոտ արհաւիրքն է,
Այն հողի մշակն է, տան կրակը, հացի հոտը,
Եւ մօր նանիկը, որ երեխային օրօր է երգում։

Բայց եկաւ մի դար՝ աստուածային նշանով,
Երբ հայոց գիշերուայ մէջ ծագեց մի արեգակ,
Եւ Մաշտոցի ձեռքով, լուսաւոր հաւատով,
Հայոց խօսքը գտաւ իր յաւերժական ճամբան։

Նա մեզ տառ չտուեց միայն՝ մի քանի նշան,
Նա մեզ տուեց հայելու նման մի սուրբ զօրութիւն՝
Մեզ տեսնելու, ճանաչելու եւ ասելու՝ «Մենք կանք»,
Եւ խօսքը դարձնելու ազգային գոյութիւն։

Տառը դարձաւ յիշողութիւն, գիրը՝ ժամանակ,
Ժամանակը՝ գիտակցութիւն, գիտակցութիւնը՝ կամք,
Եւ հայերէն բառի մէջ, ինչպէս խորունկ մի տաճար,
Անցեալն ու ապագան միացան՝ ձեռք ձեռքի տուած։

Եւ երբ սուրբ գրքերը հայերէն հնչեցին,
Լեզուն բարձրացաւ մտքի մեծ երկինք,
Օտար իմաստները հայ շուրթերի մէջ ծլեցին,
Ու հայերէնը դարձաւ աշխարհի հետ խօսող մի միտք։

Թարգմանիչը կանգնեց երկու աշխարհների միջեւ,
Մի ձեռքին՝ օտար գրքի հին իմաստն անծայր,
Միւսին՝ հայոց բառի կենդանի հրաշքը շքեղ,
Եւ կամուրջ շինեց՝
Որ անցնի հոգին աշխարհից աշխարհ։

Այդ օրից կրթութիւնը դարձաւ մեր դարբնոցը,
Որտեղ միտքը կոփուեց՝ երկաթի պէս հզօր,
Եւ գիրքը բացեց դէպի աշխարհը իր դուռը,
Բայց արմատը պահեց՝
Հողի խորքում՝ անսասան, զօրաւոր։

Ազգային լինելը փակ դուռ լինել չէ աշխարհին,
Ոչ էլ սեփական պատերի մէջ մենակ մնալ,
Ծառն իր արմատով է կանգուն,
Բայց ճիւղերով՝ երկնքին,
Եւ ով արմատ ունի՝
Կարող է աշխարհի հետ խօսել, ճանաչել։

Հայ լինել եւ մարդ լինել՝
Երբեք իրար հակառակ չեն,
Եթէ սեփական ցաւը
Վերածում ես համամարդկային երգի,
Լեռը կարող է հայկական լինել,
Բայց նրա ստուերում
Իւրաքանչիւր մարդ տեսնել կարող է
Իր կորուստն ու երկինքը։

Խաչքարի լռութեան մէջ
Քարն անգամ խօսում է,
Հայոց երգը լեռներից անցնում՝
Սրտերի խորքն է հասնում,
Եւ մեծ արուեստը սահման չի ճանաչում,
Չի մարում,
Որովհետեւ մարդուն հասնող ճշմարտութիւնն
Ազգից վեր է բարձրանում։

Հինգերորդ դարը միայն գիրք չէր,
Այն հոգու խորքից բարձրացած
Ազատութեան ձայն էր․
Վարդանանց պայքարի մէջ խօսեց մի ժողովուրդ՝
Որ իր հաւատը կորցնելով՝
Իր ինքնութիւնն էր կորցնելու նաեւ։

Այդ ոգին վերադարձաւ
Դարերի տարբեր ճանապարհով,
Նոյն պահանջը՝ տարբեր բառերով,
Տարբեր ժամանակներում,
Որ մարդը չի ապրում լիովին,
Եթէ իր հոգու խորքում
Ուրիշն է տնօրինում իր լեզուն,
Յիշողութիւնն ու կամքը։

Այսօր մշակոյթը թանգարանի լուռ սրահ չէ,
Որտեղ տարին մէկ այցի ենք գալիս․
Եթէ նոր երգ չի ծնւում,
Հին երգն էլ չի փրկի մեզ․
Եթէ նոր խօսք չկայ՝
Հին փառքի ստուերում կը մնանք։

Պէտք է կենդանի լեզու՝ ամենօրեայ շնչի պէս,
Կենդանի գիրք, որ բացուի նոր ձեռքերի մէջ,
Գիտութիւն, որ հարցնի,
Արուեստ, որ նոր ձեւեր հիւսի,
Եւ մարդ, որ ստեղծելով՝
Իր ժամանակին պատասխանի։

Այս նոր աշխարհում
Հեռաւորութիւնը փշրւում է մի ակնթարթում,
Հայոց բառը կարող է հասնել ծովերի միւս ափ,
Բայց եթէ մեր ձայնը խառնենք
Համաշխարհային աղմուկին,
Մեր լոյսը կը դառնայ անանուն կայծ՝
Մարող ու անհետացող։

Ուստի՝ ոչ թէ փակուենք
Աշխարհի առաջ երկիւղած,
Այլ բացուենք՝ մեր իսկ դէմքով,
Մեր անունով, մեր ձայնով,
Թող հայոց խօսքը գնա հեռուներ՝
Ազատ ու համարձակ,
Բայց թող նրա արմատը
Մնա հայրենի հողի ընդերքում խոր։

Հայաստան ու Սփիւռք՝
Երկու ափ, բայց մի գետ,
Տարբեր երգեր, տարբեր շեշտեր՝
Բայց նոյն խոր արմատը,
Թող բազմազանութիւնը դառնայ
Հարստութիւն ու ծաղկունք,
Ոչ թէ բաժանման պատ՝ սառն ու անանց։

Թող նոյն ծառի ճիւղերը
Տարբեր ուղղութեամբ աճեն,
Բայց նոյն հողից իրենց ուժը առնեն ամէն օր,
Թող տարբեր ձայները մի երգի մէջ միաձուլուեն,
Ազգային լոյսը նրանց բոլորի վրայ մնա հսկող։

Սփիւռքի համար հայրենիքը
Թող լինի ոչ միայն յիշատակ,
Այլ կենդանի աղբիւր՝
Ամէն օր հոսող ու կարկաչող,
Իսկ Սփիւռքը թող բերի հայրենիքին
Աշխարհի հարստութիւնը՝
Իր ստեղծած լոյսը, իր փորձը,
Իր հոգու բերքը յուռթի։

Նոր սերունդը
Թող չապրի միայն նախնեաց փառքով,
Ժառանգութիւնը սուրբ է,
Բայց նաեւ՝ ծանր պարտք,
Մաշտոցը մեզ տուեց տառեր՝
Մենք տանք նոր խօսք,
Նրանք տաճարներ շինեցին՝
Մենք կառուցենք նոր հոգեւոր յարկ,
Բարբառ պարգեւենք։

Արարատը լեռ չէ միայն՝
Հեռւում կանգնած անշարժ,
Նա չափանիշ է՝
Դէպի վեր նայելու եւ քայլելու,
Իւրաքանչիւր սերունդ
Ունի իր գագաթը բարձր,
Իր ժամանակի լեռը՝
Սեփական ուժով յաղթելու։

Մեր մշակոյթը մեզ պահեց՝
Երբ փլւում էր աշխարհը,
Այժմ մենք պիտի պահենք նրան՝
Ստեղծելով նոր օր,
Անցեալի լոյսը դարձնենք
Ներկայի կենդանի ուժ,
Եւ վաղուայ խաւարի մէջ վառենք
Նոր, անշէջ հորիզոն։

Դարերը մեզ չեն պահել պատահաբար,
Ոչ,
Լեզուն, գիրը, երգը
Մեզ տարել են փլատակների միջով,
Եւ երբ ամէն ինչ թւում էր կորած,
Մի ձայն ասում էր․
«Մենք կանք, մենք յիշում ենք,
Մենք ստեղծում ենք նորից»։

Այսօր էլ աշխարհը անհանգիստ է,
Ինչպէս հին ժամանակներում,
Մարդու մեծագոյն նուաճումը
Հարեւան է խաւարին,
Ուստի մեր պատգամը
Թող լինի ոչ թէ անցեալի պահպանում,
Այլ նաեւ ապագայի ստեղծում՝
Լոյսը բարձր պահելով աշխարհում։

Թող հայերէնը չլինի միայն
Ժառանգուած անուն,
Այլ ամենօրեայ շունչ՝
Կենդանի, հարազատ, յարատեւ,
Թող գիրքը նորից բացուի երեխայի ձեռքում,
Եւ հայոց արուեստը ծնուի նոր՝
Չկրկնելով անցեալը երբեք։

Թող գիտութիւնը մեր միտքը տանի
Նոր սահմաններ,
Թող երգը աշխարհ հասնի՝
Բայց հայ սրտից ծնուած,
Թող իւրաքանչիւր համայնք իր մէջ պահի
Հայրենիքի լոյսը,
Եւ այդ լոյսով լուսաւորի
Իր ապրած աշխարհը՝ անխոնջ, չմարած։

Որովհետեւ մշակոյթը անցեալ չէ միայն՝
Փակուած դամբարանում,
Ոչ հին արձան է միայն,
Ոչ յիշողութեան սառած քար․
Մշակոյթը ապագան է՝
Ամէն օր գրուող ձեռքով,
Ամէն նոր սրտի բաբախումով՝
Կենդանի, արթուն, յարատեւ։

Եւ քանի դեռ հայերէնը հնչում է՝
Որպէս մայրական օրհնութիւն,
Քանի դեռ հայ մարդը մտածում է,
Ստեղծում ու երգում,
Քանի դեռ ազատութեան
Ու արժանապատուութեան լոյսը
Նրա հոգում չի մարում՝
Հայ մշակոյթը շարունակւում է։

Նա չի աւարտւում։

Դարերի միջով՝
Մարդուց մարդ,
Սրտից սիրտ,
Գրից գիր,
Լոյսից՝ լոյս։

Ո՛վ Աստուած, ո՛վ աշխարհ, ո՛վ բնութիւն․․․

Պահպանի՛ր այն կրակը,
Որ մեզ է հասել խորքից,
Տու՛ր մեզ իմաստութիւն՝
Չմարելու նրա սուրբ բոցը,
Արիութիւն՝ բարձր պահելու,
Եւ ուժ՝ նոր լոյսեր վառելու։

Արարատը կանգնած է յաւէրժ,
Իր լռութեան մէջ՝ բարձր ու վսեմ,
Բարձեալի հետ հաղորդակցութեան մեր թելն է։

Ճանապարհը դեռ բաց է՝
Դէպի չնուաճուած բարձունքներ։

Եւ հայութիւնը դեռ պիտի բարձրանայ՝
Ոչ միայն յիշելով իր լոյսը,
Այլ լոյսը հրավառելով լոյսով։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Կլէնտէյլ, Քալիֆորնիա

 

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x