ԽԱՉԵԱԼԸ

Ու գամերը ափերի մէջ ու ոտքերին
Կռացնէին, կռանեցին․
Մինչդեռ ճակտին փշաթագը արիւնոտուած
Այտերն ի վայր արիւն ծորաց։

Ու վարսեցին մահախաչը ամբոխի դէմ,
Որ ծփում էր կոյր, հողեղէն․
Վարդապետը ահա խաչին չարչարութեան․
Աստուածանեծք յանցանութեան։

«Հայր, թող դրանց, որ չգիտեն ինչ են անում»․․․
Ոխ ու քէնով կոյր մեղկանում․
«Կոյս մայրութեամբ թողէք սէրն իմ առնեմ վերջին»․․․
«Ծաղր ու ծանակ մեր արարչին»․․․

«Թէ Աստուծոյ Որդին ես դու ազատիր մեզ,
Մեր աւարից բաժին կ’առնես»․․․
«Նազովրեցի, յիշիր ինձ քո յաղթանակին,
Թէ արժանի եմ տակաւին»․․․

«Ծարաւ եմ ես, հուր է շիկնում բոյլն իմ սրտի»․․․
«Քացախ տուէք թողէք լկի»․․․
«Հայր, իմ հոգին յանձնում եմ Քեզ․․․մարդուն գթա՛»․․․
Ամբոխն է համր ու անզգայ։

Տիեզերքում չխաւարեց արեգակը,
Թէեւ օրը խաւարեց լուռ․
Լոյսով պատեց Նա աշխարհի բովանդակը,
Սրտերի մէջ է ամրակուռ։

 Գրիշ Դաւթեան

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x