Դու արեւիս թէժ աղջիկն ես, հուր ես վառել դու իմ սրտում,
Եւ այդ հուրը մի նոր կեանքի տաք լոյսով է հոգիս լցնում։
Գիրգ շուրթերդ, որպէս խաղող, որ հասել է արեւի տակ,
Պինդ համբոյրիս՝ մեղրանում են իմ շուրթերին, ծորով յստակ։
Գարնանավառ այգեստանի բերք ես, ժպտում ես հնձուորիս,
Սիրոյս արտը ալեյուզող սիւքի թեւով գիրկս ես գալիս։
Գիրկս ես գալիս ու լցնում ես ինձ համօրէն մի նոր երգով,
Որ ոչ մի յեղ ես չեմ լսել այդպէս անուշ ու հոգեթով․․․
Ոսկէ ամպի թեւից կախուած գարնանձրեւ ես գարնանաշիթ,
Իմ ճակատն ես ցօղաւորում կաթիլներով ջինջ յանց յակինթ։
Թիթեռնիկի ճախր ես քնքուշ, ու թեւում ես սրտիս վրայ,
Որի զարկը երջանկահունչ զեղուն է քո սիրով հիմա։
Պատմութիւն ես, ոսկէ երազ, եւ մանկութեան քաղցր մի յուշ,
Այլեւ օրուաս կարկաչը զիլ, ու ապագաս ես անմշուշ։
Արի, արի թափուիր գիրկս, առաւօտուայ արեւի պէս,
Ինչպէս հովը՝ շշնջայ ինձ սիրախօսքեր, փայանքով հեզ․․․
Ու մինչ կուրծքս ուռճանում է երանութեամբ յորդ, անմեկին,
Համբոյրներս թող բողբոջեն վարդանման քո շուրթերին։
Զի արեւի թէժ աղջիկն ես, արեւաչուի ու մեղրաշուրթ,
Երազներիս աստեղազարդ, վառ երկնքի անհունում լուրթ։
Գրիշ Դաւթեան



