ԽՈՐԱՆ․․․

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Ամէն արարած իր խորանն ունի․․․
Իսկ խորանը այդ
          ո՛չ մայր տաճար է,
          ո՛չ հուրի մեհեան,
          ո՛չ սինիկոկ է,
          եւ ոչ ալ մզկիթ,
          կամ աղօթարան․․․
Հոն չկայ սկիհ, բագին, խնկաման…

Մարդ արարածը
          այնտեղ չի՛ ծխեր խունկ բուրումնաւէտ։
Չի՛ վառեր կերոն
          կամ հուր բագինի,
Ո՛չ ալ կ՛աղօթէ սուրբերուն դաջուած…

Այդ խորանը վեհ մթութեամբ օծուած
          սրբագոյն վայրն է իր ներքին ձայնին։
Միայն մէ՛կ հոգու համար է հիւսուած։
Իսկ ստեղծողը գլխագիր «Է»ն է
          մարդուն մէջ բազմած․․․
Դո՛ւն ես՝ թէ՛ տէրը, թէ՛ ստեղծողը խորանին այդ սուրբ։
Դո՛ւն ես զայն կեանքի լուռ կանչին կոչած։
Դո՛ւն ես կեա՛նք տուած։
Լռութեանդ մէջ,
          փակ կոպերուդ տակ պահուած գաղտնիքդ է,
          տենչերդ հիւսուած, իղձերդ սրբացած․․․
Քո՛ւկդ է միայն․․․
Դուն ես օրհներգուն եւ երկրպագուն։
Ե՛ւ տէրը խոնարհ, ե՛ւ կենակիցը։

Ամէն մարդ, այո՛, իր խորանն ունի,
          ի՛ր աշխարհն ունի
          ․․․ գաղտնի աշխարհէն:

Խորանդ նրբին, հետդ ծնած է,
          հետդ պիտ՛ մարի
          առանց թմբուկի կամ զիլ շեփորի,
          աշխարհէն հեռու,
          մարդոցմէ հեռու.
          միայն եսի՛դ հետ
          լուռ ու մենակեաց․․․

խորանդ, քո՛ւկԴ է։
Ո՛չ ոք զայն տեսաւ
          եւ քեզ հասկցաւ․․․
Ո’չ ոք զայն պիտի տեսնէ,
          եւ քեզ․․․ հասկնայ․․․
Ան քու պարզ, խոնարհ լուռ անձութիւնդ* է
          սուրբ Դունութիւնդ*,
          այնպէս՝
          ինչպէս
          Դ Ո՛Ւ Ն․․․
Ամէն մարդ, այո՛,
          իր խոնարհ ու մութ
          ինքնամփոփ եսի
          սրբութեան սրբոց,
          սուրբ խորան ունի․․․
Այդ խորանը սուրբ
          ապաստարանն է՝
          անձոյթիդ* խոհուն,
          խոհոյթիդ* վսեմ,
          մարդոյթիդ* կանչին։
Ան՝ անձութեանդ* սրբութիւնն սրբոց
          վառ տիեզերքն է։
Եւ այդ սրբութեան,
          այդ մութ աշխարհի աստուածութեանը,
          ԴՈ՜ՒՆ ես
          Ե՛Ւ ՏԷՐԸ ԽՈՆԱՐՀ,
          Ե՛Ւ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ,
          Ե՛Ւ ԱՐԱՐԻ՛ՉԸ,
          Ե՛Ւ՝ ԱՐԱՐԱ՛ԾԸ․․․
Ամէն արարած ՝
          իր անձէն ձուլուած,
          ինքնութեան կանչի
          ԱՆՁՈՅԹԻ* ԽՈՐԱՆ մ՛ունի խորհուրդի՝
          սրբագոյն մենաստանը իր իսկ գոյութեան,
          որուն դռները փակ են, կղպուած բոլորին համար․․․
Այդ խորանը սուրբ ամբարտակ է կուռ
          աշխարհի բոլո՛ր
          հոսանքներուն դէմ․․․

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Գրիգորեան տոմար- Օր՝ 17, Ամիս՝ Յուլիս, Ամ՝ 2026, ժամը՝ 9 ԿԱ։
Հայկեան տոմար- Օր՝ Երեզկան, Ամիս՝ Հրոտից, Յամի՝ ՏՇԺԸ, Ժամը՝ Առաւօտն։

*Աստղանշուած բառերը («Բառ-Խորհուրդ-Իմաստասիրութիւն» Մարգարեան եռաբեւեռ Բառակազմական Համակարգ)-էս են։ «Անձոյթ»ը, «Անձ» բառին խորհուրդն է, «Խոհոյթ»ը՝ «Խոհ»ին, «Մարդոյթ»ը՝ «Մարդ»ին։ «Անձութիւն»ը «Անձ»ին եւ «Դունութիւն»ը՝ «Դուն» բառերուն իմաստասիրութիւներն են։ Այս բառերը բառարաններուն մէջ մի փնտռէք։

 

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x