ՄՏՔԵՐՍ․․․

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Մտքերս այսօր, մութ ու մթին
          մանուածապատ ուղեղիս մէջ
          ճամբաներու լռութեան հետ կը վերթեւուին
          ծիրանիի բոյրով թրծուած:
Եւ անհանդարտ, թրթիռ գրկած,
          հորիզոններ վառ կը գծեն
          նոր գոյներու համադրանքով:
Թռչուններու նման թառած
          չոր ծառերու ոստրերուն մերկ
          սպասումի պահեր կ՛ապրին,
          որ երթան հո՛ն՝ ուր անորոշն է տիրակալ
          ժամանակի ելեւէջին:
Աշնան դալուկ տերեւներուն նման յոգնած
          կը սպասեն այն սիւքին մեղմիւ,
          որ հպումի մը քաղցրութեամբ
          զանոնք տանի այն աշխարհը
          երազանքի բոյրով տարուած:
Մտքերս, այսօր,
          անտես, անշունչ էակներու,
          լուռ ու մթին հոգիներու արձագանգ չեն,
          այլ, մե՜ղմ ու հե՜զ ներսիս ձայնի համահունչն են։
          Կը զգան առանց իսկ հպումի,
          կը ճախրին լուռ առանց թեւի,
          տիէզերքի՛մ թովիչ ծիրին կ՛երթան մնջիկ
                    նոր տիեզերք երազելով։
Թառած են հո՜ն՝ անտես եզրին այս հէք կեանքի։
Մենակութեան եսոյթ*ս առած կը սպասեն լուռ։
Մտքերս այսօր կը դեգերին մշուշապատ մէջն օրերուն
          կ՛որոնեն այն, որ կորուսի ճանապարհին իմ հէք կեանքին։
Կը փնտռեն, ի զուր, ի զուր ան որ չկայ՝
          անդարձ, կորած յուշարձաններ
                    կամարին տակ մոռացութեան;

Ի՜նչ դաժան է սպասումը անորոշին`
անորոշը որոշոյթին*․․․

ՀՐԱՆԴ Մ․ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Գրիգորեան տոմար- Օր՝ 17, Ամիս՝ Նոյեմբեր, Ամ՝ 2026
Հայկաեան տոմար- Օր՝ Ձոսրաբեր, Ամիս՝ Տրէ, Յամի՝ ՏՇԺԸ
*Աստղանշուածները՝ «Մարգարեան Բառակազմական Համակարգ»էս են։ Բառարաններուն մէջ մի փնտռէք։

Subscribe
Տեղեկացում
guest

0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x