Ինչ են պատմում մանուշակագոյն եւ սեւ շղարշի տակ թաքնուած կայքերը

Նաիրա Եղիազարեան

Հայրենի հանրածանօթ արուեստաբան Նաիրա Եղիազարեան (որուն աշխատանքներուն կարելի է ծանօթանալ հետեւեալ կապով https://www.youtube.com/@naira_yeghiazaryan), որպէս համալսարանական (Inalco-IMAS) խմբային աշխատանքի մը մասնակից՝ կատարած է հետագայ ուսումնասիրութիւն-վերլուծումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարքութեան պաշտօնական կայքէջերուն մասին: Եղիազարեանի գրութիւնը կու տանք ինչպէս որ հասած է խմբագրութեանս՝ խորագիր եւ բովանդակութիւն. միայն փոխած ենք ուղղագրութիւնը: Յօդուածը կու տանք իր շահեկանութեան համար:

Երբեք մտքովս չէր անցնի անդրադառնալ այս թեմային, եթէ համալսարանական խմբային աշխատանքի համար իւրօրինակ առաջադրանք ստացած չլինէի: Ի դէպ, նախապէս ասեմ, որ առաջադրանքը սկզբում անսովոր ու անտեղի թուաց, բայց իրականացնելու պահին բազմաթիւ բացայայտումներ արեցի, որոնք կարծում եմ, կը հետաքրքրեն շատերին: Յանձնարարութիւնը հետեւեալն էր. պէտք է վերլուծէինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ պաշտօնական կայքերը:

Եւ այսպէս. ինչ էի ակնկալում տեսնել ու ինչ տեսայ:

Բոլորս էլ գիտակցում ենք, որ նմանատիպ կայքերի նպատակը տուեալ կառոյցի մասին պատմելն ու ներկայացնելն է: Միաժամանակ գիտենք, որ դա պէտք է կարողանալ անել հետաքրքիր, իւրօրինակ, ոչ պլակատային, գովազդային տարրը թաքցնելով, սեփական անձը կարեւորելով, բայց նաեւ` ընթերցողին չանտեսելով, այլ ներգրաւելով ու ներքաշելով սոյն թեմայի ու պատմութեան մէջ:

Իսկ, թէ ինչպէս են դա իրականացնում այս երեք կայքերը, ինչ խնդիրներ են կարողանում լուծել եւ սովորական ընթերցողին որքանով են հետաքրքիր, կը փորձեմ ներկայացնել մի քանի դիտարկումներով:

Քննարկուող կայքերի ներկայացման ոճի եւ տեսքի մասին անմիջական կարծիք կարելի է կազմել կայքերի առաջին իսկ էջից:

Թուրքիոյ Հայոց Պատրիարքութեան կայքը վերազինման փուլում է եւ, գուցէ այդ պատճառով, շատ վատ է աշխատում: Այդուհանդերձ, դժուարութեամբ յաջողուեց մէկ անգամ նայել, այն էլ` ոչ ամբողջութեամբ:  Սակայն, մի հայեացքն էլ բաւարար եղաւ, պարզելու համար, որ սա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքի կրկնօրինակն է: Երկուսում էլ գերիշխում է մանուշակագոյնը, որի առատութիւնը տրամաբանական է, քանի որ այն հայոց եկեղեցու գոյնն է: Գոյնից բացի այս երկու կայքերը նաեւ կառուցուածքի առումով չեն տարբերւում: Երկուսն էլ դասական ու աւանդական ձեւերի մէջ են: Թերեւս, կարելի է ասել, որ երկուսն էլ հաւասարապէս հնաոճ են` հաշուի առնելով այսօրուայ տեխնիկական առաջընթացների ու նորարարութիւնների ընձեռած հնարաւորութիւնները: Թուրքիոյ Հայոց Պատրիարքութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայանալու այս աւանդական ձեւերի ու ոճի համեմատութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնն իր կայքով ներկայանում է շատ աւելի նորաձեւ, ժամանակակից տեխնիկայի, ձեւաւորման ու դիզայնի համեմատաբար թարմ տարրերի կիրառմամբ: Ինչի շնորհիւ էլ կայքն արտաքնապէս աւելի գրաւիչ է եւ դիտարժան:

Սա կայքերի դիտարկման վիզուալ պատկերն է: Բովանդակային առումով երեքում էլ առանձապէս հետաքրքիր բաներ շատ չկան: Թարմացումների առումով կրկին հետ է մնում Պատրիարքարանի կայքը. թերեւս` արդէն յայտնի պատճառով: Այստեղ լուրերի բաժնում վերջին անգամ տեղեկատուութիւն դրուել է 2022 թուականի օգոստոսին: Իսկ Մայր Աթոռն ու Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը հաւասարապէս ակտիւ են ու թարմ լուրերով են ներկայանում: Այլ հարց է, որ լուրերը շատ միապաղաղ ու միաթօն են: Անընդհատ քահանաների, եպիսկոպոսների, կաթողիկոսի դէմքերն են: Բոլոր թեմաներում, լուրերում, իրադարձութիւնների մատուցումներում գերիշխում է եկեղեցականների սեւ սքեմը: Սեւի ու ոսկեգոյնի առատութիւնը յոգնեցնում եւ անհետաքրքիր է դարձնում կայքը:

Կարծում եմ, կարելի է զուգահեռ ներառել նաեւ հայոց եկեղեցու հետեւորդներին ու հաւատացեալներին: Պատմել նրանց մասին, Աստծոյ հետ հաւատացեալների կապերի, փոխյարաբերութիւնների եւ ազդեցութիւնների մասին: Ընդ որում. պատմել պարզ, մարդկային լեզուով եւ զգացմունքային, կենդանի շեշտադումներով: Համոզուած եմ, որ սովորական մարդուն, հաւատացեալին անդրադառնալով` շատ աւելի տեսանելի ու գնահատուած կը լինի եկեղեցին, եկեղեցականն ու նրանց կատարած աշխատանքը:

Հետաքրքրականութեան պակասի առումով բերեմ մի օրինակ եւս: Քանի որ համալսարանական վերոնշեալ դասընթացի դասախօսութիւններից մէկը վերաբերւում էր հայոց եկեղեցու եօթ խորհուրդներին, իսկ դասախօսը շատ հետաքրքիր ու մանրամասն էր պատմել դրանց մասին, իսկ տպաւորութիւններս էլ թարմ էին, որոշեցի տեսնել, թէ ինչպէ՞ս են դրանք ներկայացուած սոյն կայքերում: Եւ ո՛վ զարմանք… Պատրիարքարանի կայքում, ցաւօք, ինձ չյաջողուեց այդ մասին ինչ-որ բան գտնել, Կիլիկիոյ կաթողիկոսութեան կայքում պարզապէս թուարկուած էին խորհուրդներն` առանց որեւէ բացատրութեան, իսկ Մայր Աթոռի կայքում խորհուրդների մասին էջը լրամշակման փուլում էր: Հաստատուն ու անփոփոխ եօթ խորհուրդների մէջ թէ ի՞նչն էին լրամշակում` այդպէս էլ գաղտնիք մնաց ինձ: Ինչեւէ: Այս մի փոքր դիտարկումը թոյլ է տալիս ասել, որ երեքի մօտ էլ այս բաժինը, տարբեր աստիճաններով, բայց որոշակիօրէն թերի էր:

Հետեւաբար, կարելի է փաստել, որ հետաքրքրականութեան առումով երեք կայքերն էլ նոյն չափ կաղում են:

Կայքերի երրորդ եւ ամենակարեւոր յատկութիւնը կամ բնորոշիչ կողմը, որ գրաւեց իմ ուշադրութիւնը, դա մատչելիութեան բացակայութիւնն էր: Պատրիարքարանի կայքի մատչելիութեան մասին, նոյնիսկ, անիմաստ եմ համարում խօսել: Նախ, կայքը տեխնիկապէս պէտք է մատչելի դառնա, որ յետոյ բովանդակութեանն ու  ձեւին կարողանանք անդրադառնալ: Իսկ միւս երկու կայքերը, կարծում եմ, մատչելի են միայն իրենց` եկեղեցականների համար: Կարծես թէ, այս կայքերը նրայք ստեղծել են իրենք իրենց համար, ոչ թէ հասարակութեան ու հանրութեան տարբեր շերտերի համար:

Մարդկային տարրը, մարդկային գործօնը բացակայում է այստեղ: Այսինքն. ո՛չ նիւթերը, ո՛չ մատուցման ձեւը չեն կարող գրաւել սովորական մարդուն: Այն մարդուն, ով դեռ անհաւատ է, բայց փորձում է կամ ուզում է հաւատի գալ, այն մարդուն, ով հարցեր ունի հայոց եկեղեցու հետ կապուած, հարցեր ունի Աստծոյ, նրա պատգամների, պատուիրանների ու առհասարակ նրա գոյութեան վերաբերեալ: Այն մարդուն, ով յուսահատուած է ու օգնութիւն, յուսադրող խօսք, իմաստուն միտք է փնտռում, որոնցով կը փարատուի, յուսադրող մի լոյս կը տեսնի, որն իրեն կառաջնորդի այս դժուարին, բարդ, հոգսաշատ, անորոշութիւններով լեցուն կեանքում:

Մատչելիութեանը վերաբերուող մի շատ կարեւոր ու մտահոգիչ բացթողում եւս: Այս երկու կայքերում ներկայացուած են եկեղեցու ենթակայութեամբ գործող թանգարանները եւ գրատները` իրենց հրատարակութիւններով: Այս հատուածը լուրջ մտածելու տեղիք է տալիս: Նախ թանգարանների մասին պատմող նիւթերը ոչ մի կերպ չեն գրաւում ու թանգարան այցելելու ցանկութիւն չեն առաջացնում: Օրինակ, այստեղ պէտք է լինէին որոշակիօրէն հետաքրքական պատմութիւններ եւ լուսանկարներ, որոնք կը գրաւէին այցելուներին ու թանգարան գնալու ցանկութիւն կ’առաջացնէին: Մինչդեռ կայքում կարճ, ստանդարտ, չտպաւորող, միտք չշարժող ու թանգարան չկանչող տեքստեր են եւ գորշ լուսանկարներ: Փոխարէնը ամենայն մանրամասնութիւններով ներկայացուած են թանգարանի մուտքի տոմսերի գները: Ես ուղղակի զարմացած եմ այս երեւոյթից, քանի որ հիմա ապրում եմ Իսպանիայի Ալիկանտէ քաղաքում, որտեղ երկու տասնեակից աւելի թանգարաններ, պատմական յուշարձան-շինութիւններ ու ամրոցներ կան: Զբօսաշրջային այս քաղաքը, որը իւրաքանչիւր տարի ունենում է աւելի քան միլիոն զբօսաշրջիկ, կարող էր մեծ եկամուտներ ակնկալել իր թանգարաններից: Սակայն քաղաքային իշխանութիւնը անվճար է դարձրել թանգարանների մուտքը, որպէսզի մարդկանց հասանելի լինի իր երկրի ու քաղաքի պատմութիւնը, ազգային մշակոյթն ու արուեստը:  Այսինքն, սա ճանաչելի դառնալու, մարդկանց կրթելու, դաստիարակելու կոնկրէտ մտածուած ու նպատակաուղղուած քաղաքականութիւն է: Նման ծրագրուած քաղաքականութիւն պէտք է ունենար նաեւ հայոց եկեղեցին: Սակայն, եկեղեցու թանգարանի մուտքի տոմսերի գները բացարձակ դրա մասին չեն վկայում: Միգուցէ, կարելի էր օտարերկրացի այցելուների համար վճարովի դարձնել թանգարանների մուտքը, բայց հայ հաւատացեալների, յատկապէս, ուսանողների, դպրոցականների համար այն պե՛տք է անվճար լինի: Եկեղեցին ամէն կերպ պիտի փորձի ներգրաւել մարդկանց, կապել նրանց Հայ Առաքելական եկեղեցու հետ:

Նոյնը գրքերի պարագայում է: Հասկանալի է, որ գեղարուեստական ու պատմական գրականութիւնը եկեղեցին տպագրել է եւ պիտի վաճառի, բայց եկեղեցական տօների ժամանակացոյցը կամ «հարցեր քահանային» վերնագրով գիրքը վաճառելը, մեղմ ասած, մանր-մունր առեւտուր է` հարուստ ու մեծ հնարաւորութիւններ ունեցող եկեղեցու համար: Յետոյ էլ դժգոհում կամ բողոքում ենք, որ աղանդները ներխուժել են մեր կեանք ու ամէնուր են: Իսկ ինչու՞ պիտի չներխուժեն: Այն գրականութիւնը, որը հայոց եկեղեցին 5-20 դոլարով վաճառում է իր հաւատացեալներին, Եհովայի վկաները կամ միւս աղանդների ներկայացուցիչները տնենտուն ընկած` շքեղ հրատարակութեամբ, իրենց գունագեղ գրքերը, ամսագրերն ու բուկլետներն անվճար են բաժանում մարդկանց: Դրանից բացի, ժամերով կանգնում, խօսում են նրանց հետ, յոյս, հաւատ ու սէր են խոստանում եւ բոլոր հնարաւոր միջոցներով «լուանում» են մարդկանց ուղեղները: Իսկ թէ ինչպէս են «լուանում», դրա մասին պատմում են վիճակագրական տուեալները: Պարզւում է, որ Հայաստանում այսօր գրանցուած  65 կրօնական կազմակերպութիւններից` 54-ն աղանդներ են, որոնցում ընդգրկուած է 350 հազար մարդ: Սակայն, կան աւելի քան 200 կազմակերպութիւններ, որոնք գրանցուած չեն, բայց աւելի ակտիւ ու աննահանջ են գործում հոգէորսութեան դաշտում: Այս չգրանցուած «ապակառուցողական աղանդներում» ներգրաւուած են մօտ 250 հազար մարդ:

Սարսափելի թիւեր են, այնպէս չէ՞… Ի հարկէ, սարսափելի են, մանաւանդ, որ զուգահեռ իրականութիւնում, այսինքն` հայոց եկեղեցու պաշտօնական կայքերում, սոցիալական էջերում ու քարոզչական այլ հարթակներում հովուերգական անդորր է` մանուշակագոյն ու սեւ շղարշով ծածկուած:      

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x