ՓՈՂՈՑԸ

ՖԵՐԵՏՈՒՆ ՄՈՇԻՐԻ

ՖԵՐԵՏՈՒՆ ՄՈՇԻՐԻ

Պարսկերէնէ թարգմանեց` ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Լուսնեակ գիշերով, առանց քեզ, նորից անցայ այն փողոցով,
Միայն աչքեր դարձած փնտռեցին քեզ
Քեզ հանդիպելու ցանկութիւնը լցրեց էութեանս բաժակը,
Դարձայ այն խենթ սիրահարը, որ էի:

Իմ հոգու գաղտնի խցիկում փայլեց քո յիշողութեան ծաղիկը․․․
Հարիւր յիշողութիւնների այգեստան ծիծաղեց,
Հարիւր յիշողութիւնների բոյր սփռուեց.
Յիշեցի, որ մի գիշեր միասին անցանք այդ փողոցով․
Բացանք մեր թեւերը, թափառեցինք այն ցանկալի մենութեան մէջ,
Մէկ ժամ նստեցինք այդ առուի եզրին:

Աշխարհի բոլոր գաղտնիքները քո սեւ աչքերի մէջ էին,
Ես, կորայ քո հայեացքի մէջ:
Երկինքը պարզ էր ու գիշերը հանգիստ․․․
Երջանկութիւնը ժպտում էր, պահը հանդարտ էր,
Լուսնի մի փունջ փլուզուեց առուի ջրի մէջ
Յանց ճիւղեր փռուած ալիքների մէջ․
Գիշերը եւ դաշտը, ծաղիկները եւ քարերը
Բոլորի սրտերը նուիրուած էին սոխակի երգին:

Յիշում եմ, դու ասացիր ինձ`
Զգոյշ եղիր այս սիրուց․
Մի պահ նայիր այս ջրին,
Որ անցողիկ սիրոյ ծէս է․․․
Քո հայեացքը, այսօր մելամաղձոտ է,
Վաղը կը լինես այնտեղ, սիրտդ ուրիշների հետ․․․
Ուստի թափառիր այս քաղաքում, մինչեւ մոռանաս:

Ես ասացի քեզ` զգուշ եղիր այս սիրուց․․․ չգիտեմ․․․
Հեռանա՞լ քո ներկայութիւնից, ո՛չ երբեք․․․
Չեմ կարող․․․

Առաջին օրը, երբ սիրտս թրթռաց քեզ ցանկանալով
Նստեցի քո տանիքի եզրին, որպէս մի աղաւնի,
Դու քարեր շպրտեցիր իմ վրայ, իսկ ես` ոչ․․․

Ես կրկին ասացի. դու որսորդ ես, իսկ ես` դաշտի մի եղջերու,
Որ ամէնուրեք փնտռեցի, մինչեւ ընկայ քո թակարդը․․․
Ես փնտռեցի ու փնտռեցի
Չեմ կարող զգուշանալ քո սիրուց:

Մի արցունք կաթեց ճիւղին,
Գիշերային մի թռչուն դառը տնքաց եւ փախաւ․․․
Արցունքները ճողպացին քո աչքերում,
Լուսինը ծիծաղեց քո սիրոյ վրայ:

Յիշում եմ. ես այլեւս ոչինչ չլսեցի քեզնից,
Ընկայ վշտի գիրկը
Ու մեղմացայ:

Այդ գիշերը, եւ միւս գիշերներն էլ, վշտի խաւարի մէջ էի,
Այլեւս լուր չեղաւ վիրաւորուած սիրեցեալից,
Այլեւս այդ փողոցով չանցար․․․
Իսկ ես, առանց քեզ․․․ ինչպէ՞ս անցայ այդ փողոցով․․․

Subscribe
Տեղեկացում
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
0
Would love your thoughts, please comment.x
()
x