Գրիշ Դաւթեան. Բանաստեղծութիւններ

ՇԻԿՆԱԾ ՀԱՑԵՆԻ

Մեր փողոցի ծառերից էր․
Միջահասակ, բարալիկ, մեծասաղարթ,
Որ ամառային ճաշաժամերին
Բարկ արեւի տակ
Փռում էր իր հովանաւորող շուաքը մեր գլխին,
Որ հողոտ փողոցի փոշիների մէջ խաղում էինք․․․

Յաճախ պլանպուտիկ էինք խաղում․
Յաճախ կտիկ-թխմակ էինք խաղում․
Յաճախ Կլորմեխակ էինք խաղում
Եթէ բազմաթիւ էինք,
Յաճախ ձիգէշուց էինք խաղում,
Երբ բազմաթիւ էինք․
Լախտուց էինք խաղում․․․
Ներսի խումբ,
Դուրսի խումբ:

Երբ բազում էինք,
Բաժանւում էինք երկու խմբերի,
Իւրաքանչիւրը` տասը հոգի․․․

Վազվզոց, տուրուդմփոց, քաշքշոց,
Ըստ խաղի կանոնների,
Որ յարգում էինք
Ու հաճոյք էինք տանում խաղից․․․

Դէ ի՛նչ էլ որ խաղում էինք
Հողերի մէջ փոշոտում էինք․
Երբեմն ընկնում էինք,
Ծունկ ու արմունկ արիւնոտում․
Այդպիսի մանրամասնութիւնները
Չէինք նկատում․
Կարեւորը խաղն էր եւ խաղալը:

Խաղերի հետ էլ մեծանում էինք․․․
Դա նկատւում էր,
Երբ հարեւան աղջիկների հետ
Դադարում էինք խաղալուց․․․
Այլ սկսում էինք ժամադրուել․․․

Ոչ թէ բոլորս բոլորի հետ,
Այլ նրա հետ,
Ում սիրում էինք․․․

Օրինակ, ընդամէնը ես միայն մէկին էի սիրում․․․
Հեռաւոր հարեւան էր,
Բայց ամենագեղեցիկն էր,
Ամենալաւն էր:

Դա ես լաւագոյնս տեսնում ու զանազանում էի․
Եւ ուրախ էի, որ միւսները դա չեն նկատում:

Սկսուեց, երբ մի անգամ
Նրան հրաւիրեցի պաղպաղակ ուտելու․․․
Մեր փողոցի ծայրի անուշավաճառից․․․
Երեկոյեան էր,
Մի քիչ էլ ուշոտ էր․․․
Հացով պաղպաղակ առայ․
Այն օրերում խաւաքարտէ բաժակներ չկային․․․

Ուրեմն պատահական հանդիպումով
Առաջարկեցի, ու նա էլ`
Լաւ` ասաց․․․

Յետոյ վերադառնում էինք տուն գնալու:

Հացենու տակ էր,
Հէնց պատահեց, որ կանգ առանք:

Մեր տեսած ֆիլմի մասին էինք խօսում․․․
Պաղպաղակը վերջացրել էինք․․․
Ֆիլմում` համբուրուելու տեսարան կար․․․
Դրան, որ հասանք, դադարեցինք․
Մի տեսակ դժուար եղաւ խօսել․․․

․․․ու չգիտեմ որտեղի քաջութեամբ
Բռնեցի ձեռքը․
Չքաշուեց․․․
Մի տեսակ ցանկութեամբ․․․ թէ ինչպէս․․․
Ֆիլմի տեսարանը ընդօրինակեցի․․․
Նա էլ․․․ նոյնը․․․
Այնպէս բնական ու հեշտ եղաւ․․․

Բայց ընդոստ զգաստացանք․․․
Հա՜․․․ խօսելու տեղ ձայնս լսեցի․․․
Նա․․․ ոչ մի շշուկ․․․
Կարծում եմ շիկնեց:

— Քեզ տուն հասցնեմ․․․ կմկմացի․․․
— Չէ․․․ կ՛երթամ․․․
Վազելով հեռացաւ դէպի իրենց տունը:

Միւս օրը, փողոց իջայ․․․
Տեսայ, որ նա էլ իրենց տան դռան է,
Բայց ինձ տեսնելով` իսկոյն ներս մտաւ․․․

Աչքս ընկաւ հացենուն․․․
Ինձ թուաց, թէ դեռ շիկնած է:

ՔԵԶ ՅԻՇԵԼՈՎ

Այն որին փաթաթուել եմ
Ու համբուրում եմ
Մշուշն է․․․

Դու ես մշուշուած․․․

Յիշողութիւնս է
․․․որ սկսել եմ
Մոռանալ․․․

Մշուշուած յիշողութիւնս է․․․

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Երկիր իմ, սէր ու գգուանք, հայրենիք Հայկեան,
Հայկազեան վսեմ սխրանք, Արտաշէս, Տիգրան:

Երկիր իմ, Վահագնեան բոց, լոյս Նազովրեցու,
Մաշտոցեան գիր ու դպրոց, վէպ Խորէնացու:

Երկիր իմ, մշակոյթի Ոսկեդար ոստան,
Հաւատոյ հանգանակի զոհ Կարմիր Վարդան:

Երկիր իմ, յորդաների պատուար ու կոխան,
Մերթ հլու, մերթ ըմբոստի լեռնակոփ ծխան:

Երկիր իմ, ողբի օրօր, լլկուած կոյս ու ահ,
Եղեռնուած, նկուն, անզօր, կոտորած ու մահ:

Երկիր իմ, լափող կրակ, հայդուկ ու հերոս,
Ռազմի երգ, մոսին ու արկ, ճիգով արնահոս:

Երկիր իմ Մայիսի այգ, ծփանք Եռագոյն,
Կարմիր ու կապոյտ երանգ, հասկ ցորենագոյն…

Երկիր իմ, գժտուած ու խենթ, թիւրիմացութիւն,
Դաւադիր եղբօր վէս տենդ, չար մոլեգնութիւն:

Երկիր իմ, փակուած այգի, վարդերով բոսոր,
Մուրճի կոփ, փայլ մանգաղի ու աստղ կարմրաւոր:

Երկիր իմ, աշխարհակոծ երկրաշարժ, աւար,
Մոլորուած գաղթ բազմահոծ, դատարկուող ամբար:

Երկիր իմ, շղթան բեկած, բայց շուար կրկին,
Արդարեւ վերագտած եռագոյն ու հիմն:

Երկիր իմ, նոր կեանքի յոյս, երգ յաղթանակի,
Հայաստա՛ն, գագաթ ու լոյս, հանգրուան փառքի:

ՈՂԲ

Ազգիս բախտի անիւը չի բանում,
Չխկչխկում է
Ջրաղացի չախչախի նման
Կեանքի աղացքարի ժեռուտին․․․

Տրտում ամայութիւն է,
Երեխաներ չկան փողոցում,
Որ չարաճճիութիւններ անեն,
Մայթից իջնեն ճանապարհի մէջ,
Աւտոներից խոյս տան, սլքտան․․․

Զոհերին ենք յանձնում պատմութեանը,
Տեղաւորում ենք
Յօշոտուած հայրենիքի գրկում,
Որի պաշտպանութեան համար
Դարձան նահատակ:

Դաւաճան դաւօն դաւել է․․․

Երկնում է երկինքը, երկնում է երկիրը,
Ծիրանի ծովը չի երկնում,
Եղէգան փողից ծուխ չի բարձրանում․․․

Ոչ մի բոց,
Հուրհերաւոր խարտեաշ պատանեկիկը,
Աչքունքն․․․ արեգազուրկ,
Անմօրուս, անբոց․․․
Չի վազվզում,
Չի երիվարում դաշտերում,
Ուր ցրտաշունչ ձմեռն է աւաղում
Սեզոնային սեւ ագռաւների ղռաւոցով,
Առանց որեւէ զգացումի․․․

Վաղուց հետէ
Առաքեալները չեն խոյանում սխրագործութեան:

Բազմահոյլ դարերի սուր ու հուրը
Իջել է ազգիս ճակատին․․․

Հզօր յորդաները խուժեցին մեր հայրենիքը,
Անագորոյն վարձկանները արիւնովս արբեցին,
Բանակները որոտացին,
Զրահները մահ փսխեցին․․․

Ողորմի մեր անցաւորաց․․․

Տիեզերական սեւ խոռոչի դիմաց,
Մշուշի պղտոր քողով
Պատում եմ գլուխս եւ ուսերս․․․

ԳԻՆԵՁՕՆ

Սիրտս որպէս սիրոյ սկիհ, սէրս մէջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գաւաթս, իմ ժողովուրդ հայրենի:

Նաւասարդի նուիրական աւանդներով սրբեղէն,
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղէն:

Աւերաբեր ի՛նչ ամպ ու զամպ քո ճակատին բախուեցին,
Դու տոկացիր յանց դիւցազուն թուր-կեծակի սասունցին,

Որ մեկնեցիր ձեռքդ հզօր ու խաւարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը,
Խիլ խլեցիր արեգակը,
Շանթ շորթեցիր արեգակը յաղթանակով սխրալից:

Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կեանքի նոր ոգով զեղուն քո արեւը հրային:

Սիրտս անկէզ, վառ մորենի, սէրս ճիւղին անյանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ, հայրենեաց ազգ իմ հայոց:

 

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x