/

Գրիշ Դաւթեան. Բանաստեղծութիւններ

Մարտիրոս Սարեան, Արեւոտ բնանկար, 1923։

ԲԱՐԵՅՈՒՍՈՒԹԻՒՆ

Ծովն է վշշում անդորրի մէջ ու կապոյտի գիշերուայ,
Ու առափնեայ լոյսերի մէջ իր լոյծ մէջքն է կուտակում.
Բոցերը ջինջ գալարւում են ու բեկւում են բիւրեղեայ,
Խաղամոլ բիւր ալիքների սօսափիւնն են լափունցում…

Ու անսահման մի իմաստով ծովն է վշշում խորքերից,
Որ կեանքիս մէջ ընդգծել է ծիրանաւոր մի խորհուրդ…
Եւ աստղերը, որ ծնուել են իմ աչքերից ու տենչից,
Շաղ են կապոյտ մթոլորտում, եւ իմ սրտում կայծ են սուրբ…

Որքան հովեր, որ շոյեցին դեգ ճակատիս ծովը լայն,
Եւ աչքերիս կարօտները, հեռուների տեսիլքով.
Հուր մտքերս ծուէններով, որ ամպերն են այս համայն,
Հորիզոնի կուսութիւնը մատաղեցին անվրդով:

Ու լուռ եմ այժմ… լուռ ու լռին իմ խօսքերով բովանդակ,
Որոնց կեանքի ու ցորենի համ ու ծիլով եմ հունցում…
Ցանկութիւններս կերպարւում են… ծովն է վշշում անյատակ,
Ու ներկայի ու անցեալի զոյգ ափերն է հարուածում…

Սէրը մի՛ է… եւ բոցերը մթութիւնն են հրկիզում
Ծով ու հողի առափնեակում, որպէս զոհ ու նուիրում…
Որպէս ցնորք… որպէս բաղձանք փայլատակում է ընդհուպ
Կեանքի վրայ, բախտի վրայ, որպէս քրքիջ ու երդում:

Կարծես չկամ… այլ ուզածներս են, որ կան ու կը մնան…
Եւ հայեացքիս հեռուներում կ’անմահանան որրպես լոյս…
Հող ու ջրի, հողմ ու հրի մի խառնուրդով խօլական,
Որով շուրթերն իմ ժպտում են… որով սիրտս է բարեյոյս…

*
ՍՐՏԱՆՑ
Ստելլային ու Հենրիկին

Քեզ սիրել եմ ես այնպէս, որ չեմ սիրել ոչ ոքի,
Հիմա մենակ այս հեռւում սիրտն իմ ինչպե՞ս չդոփի․․․

Բայց եւ սիրտս լցւում է բերկրանքի յորդ ալիքով,
Քանզի, քոյր իմ, սրբութեամբ հարսնանում ես ճերմակով․․․

Սիրել ես ու քո սէրը փթթումով ճոխ ու փարթամ
Բակ է կապել քո գլխին, դարձել պսակ անթառամ․
Ու դեռ գիրկդ պիտ լցուի սուրբ մայրութեան խնդոցով,
Արեւի բոց շողերով, երջանկութեամբ, կենակցով․․․

Հազարերանգ նարօտներ կանաչ-կարմիր ցոլքերի`
Աչքերիդ մէջ թող ծփայ իրացումը տենչերի,
Ու քո աստղը թող շողայ, շողա նրա աստղը հուր
Ով քեզ սիրել է, քոյր իմ, նուիրումով ջինջ, մաքուր․․․

Մանկութիւնը, որ մերն էր, խաղաց անհոգ ու անփոյթ
Մեր տան տաքուկ հարկի տակ, մեր պարտէզում բարեկութ․․․

Այն օրերը, որ անցան, երազացել են թէեւ,
Սակայն ոչ մի ափսոսանք մեր սրտում թող չառնի թեւ,
Քանզի ներկան, որ այսպէս գրկել է քեզ տաք հեւքով,
Ու ապագան, որ վստահ նայում է քեզ անվրդով,
Պայծառ բախտով են լեցուն, խոստումով սերտ ու հուռթի,
Երջանկութեամբ անստուեր, եւ իմաստով նոր կեանքի․․․

․․․ու թէեւ ես էլ հեռւում․․․ բայց սրտովս մօտ եմ քեզ,
Իմ սրտագին, իմ անգին, քոյր իմ բարի, քոյր իմ հեզ․․․

*

ՄՈՄԱԼՈՅՍՈՎ

Մի կէս շիշ ու երկու գաւաթներ,
Մաղթանքներ զեղուն ու սրտամօտ,
Մի կենաց պարզ ու ջերմ` «գարուննե՜ր»,
Տասներկու ղօղանջներ խնդայորդ․․․

Մի կապոյտ գիշեր էր ու նուագ,
Մի մոմ էր պլպլում դռնակում,
Բուխարին շնչում էր վառ ու տաք,
Վառ ու տաք մի աղջիկ երազուն․․․

Մարմարի նման էր նա ճերմակ,
Ճերմակ ու հեզանոյշ մի աղջիկ,
Աչքերում արցունքի զոյգ կայլակ,
Մի ժպիտ ծովացող ու գողտրիկ․․․

Մեղմ ժխոր, մոմալոյս ու նուագ,
Տատանուող կշռոյթը զոյգպարի․․․
Աչքերի արցունքը նրա տաք
Շուրթերիս վրայ են տակաւին․․․

*

ՍԻՐԱԳԱԶԵԼ

Ճերմակութեան գիրգ թաւիշով քո կուրծքերը սիրահամեմ,
Նրանց փափուկ ջերմոցներում ուզմունքներս թող քաղհանեմ։

Ես ծարաւի անապատում տենչով ու քո սիրով տարուած,
Հուր շուրթերիդ գաւաթը լիք անյագօրէն ըմպեմ, քամեմ:

Թարթիչներիդ ստուերի տակ, աչքերիդ ջինջ լճակներում
Ես իմ շողքն եմ ուզում տեսնել, որ հայեացքդ ողջ վանդակեմ:

Ալաբաստրէ քո մատների շոյքը զգամ ողնաշարիս,
Ու մազերս խիստ փշաքաղ՝ ամբողջ մարմնով մէկ սրսփեմ…

Եւ շուռ եկած ողորկ լանջիդ, արեւելքցու տաք հրայրքով
Սեւ մազերիդ գանգուրներով սիրուս քրտինքը ցամաքեմ:

Ու հեշտանքի անդորրութեամբ, քո էլ փակուող կոպերի հետ,
Բարձիս վրա, շունչս շունչիդ, փայանքիդ տակ խո՜ր մրափեմ..

*

ԱՓՈՒՆՔԻՑ ԱՓՈՒՆՔ

Թառ ընկել ու թափառում ենք ափունքից ափունք,
Չենք գտնում ա՛յն ինչ փնտրում ենք ափունքից ափունք…

Մեր փնտրածը ի՞նչ մի բան է, չգիտենք ի՛նչ է,
Չե՛նք գտնում մեր չգիտցածը ափունքից ափունք…

Ու՞ր ենք ծնուել, ու՞ր ենք ապրում, որտե՞ղ կը հասնենք,
Չգիտենք էլ ու՞ր կը հանգչենք ափունքից ափունք…

Ցրիւ եկել աստղերի պէս, չորս ծագերում ցի~ր,
Ու՞ր ենք փնտրում յոյս ու հողը ափունքից ափունք…

*

ՎԵՐՍՓԻՒՌ

Իրանից Ամերիկա գաղթելու ճամփում

Ո~հ, այս բոլոր մեկնումներից ուժաթափ է իմ հոգին,
“Գնաք բարի” ասելներից ոգեթափ է իմ հոգին,
Որ գնում են հարազատներ ու ընկերներ սրտակից,
Տանում անդարձ սէր ու յուշեր… չեն կրկնուի էլ նորից:

Դատարկութիւն, տրտմութիւն է թափւում շուրջս հանց խաշամ,
Աշնանային տէրեւների կարծես թէ չու~ է թարշամ…

Սրտազգաց այս դատարկը էլ ես ինչո՞վ կը լցնեմ,
Երբ գնում են… ու եկածներն` գնացածի նման չեն:

Թէեւ արեւն մեր փողոցի նոյն պատից է սահում վեր,
Բայց օրերը էլ անցեալի այն օրերի նման չեն:

Նստեմ, մնամ էլ` չի օգնի, երբ չկայ այն, ինչ որ կար,
Կա~ր… համայնքի ներփակ մի կեանք… ու այդքանով բաւարար…

Կքեց, սակայն, եւ չի կանգնի… լուսաբացի երազ էր,
Որ պարուրեց, քաղցր համ տուեց… բայց չհասաւ մի եզերք:

Սեւ կատու է անցնում պատից… շուք ու շուաք դաւում են…
Ցանկութիւննե~ր, օրօրհիշի~շ… անամոք ու իզու~ր են…

Այն կրակը, որ ընկել ու սրտէ սիրտ է թափանցում,
Մեր անցեալի ցաւոտ վէրքը ներկային է կապակցում,

Որ ցնցւում է հայսփիւռքը եւ ալիքւում մոլեգին,
Բայց ալիքը փոխան երկիր` վերսփիւռւում է կրկին…

Ու ցա՛ւ… ու քէ՛ն… գուցէ զզուա~նք… չեմ իմանում ո՞րն զգալ,
Բայց զգում եմ` ի~նչ որ մի տեղ, ինչոր մի բան կա՛ սխալ:

Դա չի լուծուի մէկ հարցումով, պատասխանով միավանկ,
Լոկ լոզունգով պարմանականչ չի բացուի լոյս անվկանդ:

Հայրենիքի ներկայութեան բացը մեր սիրտն է խոցում,
Ու~ր է… լինէ~ր… ու խմբուէինք հայրենական ամրոցում:

Կարծես չկա~նք… իսկ նա միայն ռադիօժամ է գգուանքի,
Դեռ “Կռունկ” է հեռարձակում, կորցրած մուլքեր ու այգի…

Մեր նոր բախտի արագիլը Սարդարապատ է թառել,
Մի ձեռք զօրի` մէկ էլ քշի~, որ աւարտի չուն վայել…

Ու թեւերը կախ են արծուի, լոկ ճախարակն է մանում,
Այն էլ հեռու~ սփիւռքներում, հանց յիշատակ ու անուն…

Նպատակը կանչում է դեռ, որպէս զանգը հայ ժամի,
Սերունդներ է ոգեկոչում մի պահ, դիցուք մի քանի~…

Հուսկ բեկւում է ծլած շիւը, հատուող կանաչ յոյսի պէս,
Շա~ղ է գալիս աստղաբոյլը, վերսփիւռւում ցնդատես…

Հայ՛րե՛նի՛քի՛ գիրկը պիտի, որ այս շաղը հաւաքի,
Բայց պաշտպա~նը… ու~ր Հայկ դիւցազն… ու~ր կոչնակը հաւատքի…

Ու՜ր Վարդանանք հայկազուն,
Ու՜ր վեհ տիկնայք փափկասուն․․․

Եւ այն ինչ որ սփիւռուա~ծ էր… ու սփիւռք էր ջրերես,
Վերսփիւռուու~մ է լիճ նետուած խճի օղալիքի պէս…

Հայրենիքի դիմաւորման բացը մեր սիրտն է խոցում,
Ու~ր է… լինէ~ր… ու մեզ խմբեր հայրենական ամրոցում:

Ձայն են առնում նուիրումով մարգարէներ ուշացած
Միջարեւել յայտնութիւնով կերտելու մի նո~ր երազ…

Որ մօ~տ մնանք հայրենիքին, բայց թէ` չընկնենք նրա մէջ,
Էլ ո՞ր օրուան ենք սպասում… որ մատուցմա՞մբ բացուի է~ջ…

Լիբանանը հայրենիք չէ՛, ո՛չ էլ Իրանը իսլամ,
Հայաստանից ի բաց մնա` սփիւռքը չի՛ շահի բան:

Չի շահի` մէ՛կ, դեռ վրան էլ կը կորցնի կրկնակի’
Շուրջպարի մէջ լիբանանեան ու իրանեան կրակի…

Պատմութեան մէջ ե՞րբ է եղել, որ սփիւռքը օրհասի
Միջարեւել կարգերի մէջ քաղաքական խօսք ասի…

Ներկայի հետ ապագան էլ գորշ է անցեալի նման,
Տեղայնական մոլութեան մէջ հայն ենթակայ է ճնշման:

Նոյն մահիկն էր, որ անճիտեց ազգ ու հողի մեծ մասը,
Ո՞վ է կարծում, որ նա հիմա կհատուցի վնասը:

Միջարեւելքը` ո~ղջ մահիկ, Հայաստա՛նն է ժայռը լոկ,
Որի վրայ կեռ մահիկի շեղբը բեկուեց ի վերջոյ…

Պատմականի մոխրակոյտը հովն է անում ցանուցի~ր,
Տրամաբան սիրտ չի մնում… կեանքը դառնում է ձանձի~ր…

Ծաղկաթափի այս օրերում իցիւ լինենք վարդասէր,
Բայց նախանձի տօթը խեղդուկ խանձում է ծիլ, փերթում` սէր…

Սեւ կատու է անցնում պատից… շուք ու շուաք դաւում են,
Ցանկութիւննե~ր, օրօրհիշի~շ… անամոք ու իզու~ր են…

Ու յորդում է քամին կրկին… ո~հ, հողմաւա~ր տերեւներ…
Ե~ս էլ, ահա, քամու թեւին… ափսոսանքով տարուբեր…

Որ մեկնում եմ… ու մեկնումից ուժաթափ է իմ հոգին…
«մնաք բարի~» ասելներից ոգեթափ է իմ հոգին…

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x