Չաղաւաղենք Հայոց լեզուն

Զաւէն Վարդանեան

Հետեւեալ գրութիւնը ստացանք բժիշկ Արմենակ Եղիայեանէն՝ իր ծանօթագրութիւններով: Հեղինակը՝ Զաւէն Վարդանեան:   

«Սիրելի՛ ընթերցողներ,
Այսօր կարդանք արեւելահայ սրտցաւ հայրենակիցի մը գրութիւնը, որ կը վերաբերի համայն հայութեան եւ խորհրդածենք այդ ուղղութեամբ»: (Ա. Ե.)

Չաղաւաղենք Հայոց լեզուն

Լեզուն հասարակութեան դիմանկարն է: Մեր լեզուն` հայոց լեզուն, այսօր անփոյթ է, հասարակ, փողոցային ժարգոնով լի, գռեհիկ, փնթի, թափթփած: Եւ այս գռեհիկ լեզուի միտումն ամէնուրեք է, յատկապես հեռուստասերիալներում, հեռուստատեսային բանավէճերի ժամանակ, ԱԺ-ում, կառավարութիւնում, նոյնիսկ՝ բուհերում[1]: Քիչ են գեղարուեստական խօսքի մարդիկ, որոնք, կարծես, անհետանում են, ինչպես անհետանում է մարդ-գեղագէտը: Մենք աստիճանաբար սկսում ենք չհասկանալ ինքներս մեզ:

Մենք կորցնում ենք լեզուի ոգին: Մենք կորցրել ենք յարգանքը խօսքի հանդէպ: Մենք կորցրել կամ կորցնում ենք մշակուած մարդը: Ո՞վ է այսօր արտայայտւում մի լեզուով, որի,− ինչպէս Ռ. Զարեանն էր ասում,− «լեզուական ֆակտուրան հարուստ է, ունի ներքին հրայրք, խօսքը՝ արտիստականօրէն գեղեցիկ, բայց երբեք վերամբարձ, երբեք պերճաշուք, երբեք սնամէջ»: Աստուածաշունչը մայրենի լեզուով ունենալու պահանջը եղել է հիմնական եւ հրամայական պահանջ՝ ստեղծելու սեփական մայրենի գիր` Այբ ու Բեն: Մեր լեզուն մեր մեծագոյն ստեղծագործութիւնն է: Ինչո՞ւ ենք ամէն ինչ անում, որպէսզի զայն ոչնչացնենք, փոխանակ անենք ամէն ինչ՝ զայն մաքուր պահելու, պահպանելու նրա գեղեցկու- թիւնը, ախորժելի հնչեղութիւնն ու բոյրը: Ինչո՞ւ ենք ոչնչացնում դարերի ընթացքում ձեւաւորուած մեր լեզուի նրբերանգները: Լեզուն պահանջում է խնամք, հոգատարութիւն:

Աբովեանից եկող պատգամը՝ «Ղայիմ[2] պահէք հայոց լեզուն», նաեւ նշանակում է մաքրել գռեհիկ արտահայտութիւններից եւ գռեհիկ հնչերանգից[3]: Եթե մենք ունենանք արգելելու մշակոյթ եւ կանոնական  խօսքի ու  հնչերանգի  պահպանման մշակոյթ, կը կարողանանք մաքրել մեր լեզուի խորքը եւ կը տիրապետենք անոր բոլոր նրբերանգներուն: Ուշադիր լսէք մեր քաղաքական, տնտեսական, ֆինանսական, իրաւաբանական ասպարէզի գործիչներին, ԱԺ պատգամաւորներին, կառավարութեան անդամներին, հեռուստատեսութեամբ գովազդ իրականացնող անձանց:

Պարզապէս զարհուրելի է, խայտառակութիւն է: Այսպէ՜ս այլանդակել, խեղե՜լ մայրենի լեզուն, այն էլ բարձր ամբիոնի՞ց: Զայրացուցիչ է հայերէն բանաւոր խօսքի ընթացքում ռուսերէն արտաբերումով բառերի հնչեցումը՝ լիձեռ, կրեձիտ, էներգեծիկ, ծեխնալոգիա, պրակծիկ, օբյեկծիվ, իձեալ, ձիրեկտըր, լոկոմոծիվ… կամ չարտաբերել որոշիչ յօդը՝ ուրեմ+ն, ոչ մեկ+ը, հայ մեծեր+ը կամ` մի ձեւ+ով եւ այլն: Ճիշտ չեն արտաբերւում բարդ բառերը. տարեկետումը[4] արտաբերւում է տարկետում, տարահանելը[5]՝ տարհանել, այսինքն՝ առանց կապող ձայնաւորի: Սխալ են արտաբերւում նաեւ յաճախ հանդիպող ածականները. պաշտօնէական, ճիշտը՝ պաշտօնական[6], ընտանեական՝ ընտանեկան եւ այլն: Սոսկալի են բանաւոր կամ գրաւոր կարդացուող գրութեան հնչերանգային վերիվայրումները, շեշտերի կամայական, անտրամաբանական տեղադրումը, վերջին վանկը ձգել-երգելը, սովորական նախադասութիւնը կարդալիս ձայնը մերթ ուժեղացնել, մերթ մեղմացնելը, խօսափողի ետեւից բնագիրը մանկական՝  հրուշակ, պաղպաղակ խոստացող ձայնով ընթերցումը եւ այլն: Չափից աւելի են օգտագործւում  «վերաբերեալ», «հարց»  «կտրուածքով»,  «գծով», «մասով», «գործիքակազմ», «թիրախաւորել», «փոխանցել», «մօտ»  բառերը: Դրանք երբեմն կարելի է փոխարինել նույն իմաստը կրող այլ բառերով, որպէսզի ականջը չվրդովի ու ընկալումը չբթանայ:

Անտրամաբանական, հսկայական տուգանքներ են նշանակուած ճանապարհային կանոնները խախտողներուն՝ 5.000, 20.000, 30.000, 50.000: Իսկ ինչո՞ւ տուգանքներ չեն նշանակուած մայրենի լեզուն ոտնահարելու, վարկաբեկելու, այլանդակելու համար, առաւել եւս, որ մեր պետական լեզուն` հայոց լեզուն, դրօշի ու զինանշանի հետ խորհրդանշում է մեր ազգային էութիւնը, բովանդակութիւնը, արժանապատւութիւնը: Պէտք է նշանակել պետական տուգանք պատգամաւորների, կառավարութեան անդամների, հեռուստաընկերութիւնների համար՝ 50.000-500.000 դրամ, եւ լեզուն աղաւաղողները ուղարկել երկամսեայ պարտադիր վերաորակաւորման[7]: Չուղղուելու դեպքում ազատել ունեցած պաշտօնից[8]:

Յարգարժան պարոն Դավիթ Գիւրջինեանը իր ղեկավարած կազմակերպութեամբ[9] եւ լեզուապահպանների աջակցութեամբ կատաղի, անողոք պայքար պէտք է մղի լեզուահէնների դէմ[10]:

Միւս ծայրայեղութիւնն էլ պէտք չէ. ճոռոմ, պաճուճազարդ լեզու՝ ռոկոկո[11]: Սրբօրէ՛ն պահենք մեր մայրենի մեծասքանչ լեզուն: Մեր լեզուն հիմնուած է մեր հողի, կլիմայի, կենսակերպի, սովորութիւնների, միմեանց յարաբերուելու վրայ: Այն ճկուն է, եւ այդ պատճառով էլ իւրաքանչիւր թարգմանութիւն օտար լեզուից հնչում է հարազատ ու անթերի: Լեզուն մաքուր պահելու անհրաժեշտ պայմանը նրա կառուցուածքն է, շարահիւսութիւնը, որոնք պէտք է կրեն ազգային առողջ արմատներ:

Մեր ոգու պատմութիւնը մեր լեզուի մէջ է:

            («Ժամանակ», 19 ապրիլ 2019, Երեւան )                  

Զաւէն Վարդանեան                                                                                                                                                                                                                                                                                                                 

[1]  Բարձրագոյն ուսումնական հաստատութիւն՝ համալսարան

Ուշադրութիւն. բոլոր էջատակի բացատրութիւնները իմս են (ԱԵ):

[2] Ամուր, հաստատ

[3] Արտասանական ելեւէջներու ամբողջութիւնը նախադասութեան մը արտաբերման առթիւ

[4] Հանուած է բառարաններէն ալ

[5] Հանուած է բառարաններէն ալ

[6] Այս երկուքը հիմա արդէն ինքնուրոյն բառեր դարձած են:

[7] Recyclage

[8] Որքան լաւ պիտի ըլլար, որ նման կանոն մըն ալ գործէր սփիւռքի մէջ:

[9] Լեզուի կոմիտէ, որ փոխարինելու եկաւ  «Տերմինական կոմիտէ»-ն:

[10] Այդ պայքարը շատ թոյլ կամ գրեթէ բնաւ չմղուեցաւ  Լեզուի կոմիտէի կողմէ:

[11] Rococo − hնամաշ, ծիծաղելի

Subscribe
Տեղեկացում
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x