ՄԱՅՐԻԿԻՍ

Գուգուլի Դաւթեանին

Բիւրաւոր յեղ գովուած ես աշխարհում արար
Արեւ, լուսին ընծայուած ու մեծարուած, մայր:

Երկնի աստղաց համրանքով քեզ երգ է ձօնուած,
Թոթով երգն էլ այս անպերճ ինձնից նուէր, մայր:

Հայրենիքի, աշխարհքի հետ են չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ, դու օրօցք ես, մայր:

Տիեզերքի գիրկը խոր անհուն է թէեւ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ, գորովագութ մայր:

Կեանքի այս մեծ համերգում այսքան նուագներ`
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրօրերգ, մայր:

Ծովերից ծով կամարուած կամուրջներ երկաթ,
Դու առաջին քայլփոխիս վտիտ սիւնը, մայր:

Արարատը, թէեւ դեռ չեմ գգուել նրան,
Դու ես սրտիս մէջ դրել Արարատը, մայր:

Այս բառերս էլ, որ ահա ես ձօնում եմ քեզ,
Քեզնից առած հիւթն է, թող քեզ մեղր դառնայ, մայր:

Գրիշ Դաւթեան

Ծնունդով՝ Նոր Ջուղայէն (Իրան), սփիւռքահայ երէց սերունդի գրող Գրիշ Դաւթեան հրատարակած է 15 հատոր բանաստեղծութիւն, որոնցմէ երկուքը՝ անգլերէն: 2020-ին Երեւանի մէջ լոյս տեսաւ անոր «Բառերի լոյսը» բանաստեղծութիւններու ժողովածուն: Արժանացած է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին:

Subscribe
Տեղեկացում
guest
2 Comments
Oldest
Newest Most Voted
B kupelian
B kupelian
2 months ago

ue khonarhim daghantit artchev

Boghos Kupelian
Boghos Kupelian
2 months ago

Grish Jan
Gue khonarhim daghantit artchev…

2
0
Would love your thoughts, please comment.x
()
x