ՍԻՐՈՒՄ ԵՆՔ
1.
Ես սիրում եմ անպայման,
Աշխարհի չափ անսահման․․․
Կեանքը` սիրում են մարդիկ,
Տրուած իրենց գանձ-մասնիկ,
Այս աշխարհը անցողիկ`
Հանդիպման վայր մի գողտրիկ
Եւ երկինքը մեծ անհուն,
Որ տալու է քուն նիրհուն,
Իսկ աչքերին սեւեռուն`
Ամէնօրեայ լոյս փաղփուն,
Անշուշտ` լոյսը կենսական`
Շատ իրերի ստուգման,
Կանաչ դաշտը նախշապատ`
Մի միջավայր անապակ,
Բնութիւնը այս անեղ`
Ներշնչարան հրաշագեղ,
Ծնող, զաւակ հարազատ`
Մի կենսակերպ միշտ ազատ,
Գործ, աշխատանք հարուստի,
Յանուն հացի, ապրուստի,
Ոսկի, արծաթ, մարգարիտ,
Նուիրելու սիրածիդ,
Մտերմութիւն որոնուած`
Ամուսնութեամբ կնքուած
Եւ անորոշ ապագայ`
Մի օր քո դուռը կը գայ,
Սպասումներ նորովի,
Որ մի երազ էլ ծնուի:
Եւ դեռ ինչե՜ր չգրուած,
Բայց լռելեան միշտ ասուած․
Այս բոլորը` պատճառուած,
Տալիս են հիմք երազուած
Երջանկութեան քո անձին,
Գուցէ նաեւ ուրիշին`
Անձ-ծանօթին հարազատ,
Անծանօթին անազատ․․․
․․․
Պէտք է սիրել ան-պատճառ,
Սէրը չունի մի պատճառ,
Որ մտածես խելագար`
Ինչո՞ւ սիրել անդադար:
Սիրե՜լ, սիրե՜լ պարզապէս`
Մէկ պատճառով յայտնապէս,
Որ սիրելը այս կեանքում
Չունի պատճառ սիրելու,
Այլ լոկ սիրել անպատճառ
Եւ չորոնել այլ պատճառ:
2.
Իջի՜ր, փաթի՛լ, մեղմիկ պարով,
Օդը գրկած լոյսի շողով,
Քու սպիտակ մաքրութենէն
Ափերս քեզ գրկել կ’ուզեն:
Պարող փթթում լուսաճերմակ`
Օդէն իջնող ծաղկած ճաճանչ,
Ամէն պարդ շողի լոյս կանչ`
Իմ աչքերուն սառցակալած:
Ձեռքերս պարզած, ափերս բաց,
Հանգիստ նստիր, չինաս յոգնած.
Քու պարերով, օրօրանքով,
Եղիր մօտիկ աչքերուս քով:
Քու մաքրութեամբ ես կը լուամ
Սիրտս խոցուած ու դառնահամ,
Զգացումներ, յուշեր ամէն`
Աչքերուս լուռ ապրումներէն:
Բայց, ո՛չ, քեզ չեմ ուզեր գրկած`
Մէջն աչքերուս կամ ափիս բաց,
Որ չհալիս ինքնակորոյս
Եւ կամ դառնաս` արցունքի լոյս:
Իջի՜ր, փաթի՛լ, հողին անամպ,
Պահէ՛ գոյնդ ճերմակութեամբ:
3.
Չի լինի դատարկ
Ճամփան այս անել,
Որ մեր քայլարագ
Ուղին է եղել:
Հիմա ես չկամ
Այդ ճամփին մեր լոյս.
Մենա՞կ ենք քայլում
Այս ճամփան անլոյս…
Գուցէ չլինենք
Մէկս միւսի հետ`
Միւսը կը լինի
Մենակ առանձին,
Փնտռելով մէկին
Իրիկնաժամին…
Եթէ երկուսն էլ
Չլինեն անվերջ`
Կը լինեն հետքեր,
Թողած անուններ…
Կը նստի մենակ
Լոյսի ծառի տակ,
Չի՛ քայլի հաստատ`
Վստահ հարազատ…
Իսկ ես կը նայեմ,
Լռած, տխրադէմ,
Լոյսի ոտքերին`
Ինձնից հեռացող,
Ճամփան լուսաշող
Քայլող ոտքերին`
Հեռուն գնացող
Հաստատ քայլերին:
4.
Երբ մօտենաս բարձունքին,
Դուն մի՛ մոռնար ճամբան հին`
Այնտեղով էր, որ հասար
Գագաթն այս լոյս բարձրասար:
Միշտ ալ յիշէ՛, որ ճամբան
Ունի վայրէջք անպայման,
Երբ հայեացքդ դուն շեղես
Լոյս կատարէն գեղուղէշ:
Բարձունքն ունի դեռ ճամբայ`
Աչքերուդ մէջ կը ծփայ,
Լուսազեղուն խորհուրդով`
Ճաճանչաւէտ`անհուն ծով:
Երազդ այնտեղ արծաթէ
Լուսածփուն նաւդ է.
Դարձիր նաւորդն Հրաշքին`
Առասպելով քու կեանքին:
5.
Ես ինձ հետ մենակ,
Ամէն ինչ գրկած,
Բայց ոչինչ բռնած,
Պահուան անտեղեակ`
Նայում եմ վերջին
Հեռացող լոյսի՞ն.
Թե՞ մարուող կանչին.
Չգիտեմ` ինչին…
Երազին գուցէ,
Մասամբ արծաթէ,
Որ բերում է լոկ
Յուշերս անհոգ:
Ես ինձ հետ մենակ,
Յուշերս գրկած,
Նայում մի կէտի`
Մի մարդու վշտի…
Ուզում եմ կարդալ
Մի մատեան դառնալ,
Մի ձեռք մեկնուած`
Բոլորին տրուած,
Մի սեղան հացի`
Գինով կենացի
Այն մարդու համար`
Վշտով անհամար,
Մշտավառ կանթեղ
Աղօթքի անեղ,
Ինչ որ ուզում է
Աչքը արցունքէ,
Յուսավառ մի բառ,
Մի սիրտ անբարբառ
Նրա համար սոսկ`
Վաղուայ մտահոգ,
Լուսավառ մի յոյս`
Հրաշքի Յիսուս
Բոլորի համար,
Գթասրտաբար…
Կարող եմ լինել,
Ամէն ինչ անել,
Բայց ոչ լուսահիւս
Մի հրաշք Յիսուս:
Ես ինձ հետ մենակ,
Ամէն ինչ գրկած,
Մեռնում եմ անհող,
Քանզի չեմ կարող
Լինել ամէն ինչ,
Լինել եւ ոչինչ:
6.
Տերեւներ ոսկի,
Դուք` աշնան հոգի,
Բայց այնքան էք հէգ`
Այնքան վշտաբեկ…
Գոյութեան մասնիկ`
Այնքան թափանցիկ,
Ուրկէ կ‘երեւան
Քայլերը մահուան:
Լքեցին շատեր`
Մրգեր ու մարդեր,
Իսկ դուք մնացիք`
Ծառին միշտ մասնիկ.
Եղաք սրտագին
Ու հաւատարիմ
Զինուորներ արի`
Ձեր ամրոց ծառին:
Յուսաբեկ ինկաք`
Հովէն զարնուած`
Մէկ մէկ` առանձին,
խումբով մահակից,
Բայց դարձէալ նորէն
Չէք հեռու ծառէն,
Թէկուզեւ անկեանք
Անաւիշ երակ:
Աչքեր կիսաձայն
Հողին նայեցան
Իյնալէն առաջ`
Մահուան ընդառաջ.
Բայց մէկը ձեզմէ`
Փոքրիկը գուցէ,
Ինկաւ աչքը վեր`
Երազին սեւեռ:
Կար լաւ ժամանակ`
Էիք հանդերձանք,
Իսկ հիմա դարձաք
Ծառին արցունք տաք,
Հողի լուռ ժամին`
Սրսփուն մարմին…
Շղարշէ մշուշ
Ծածկեց ամէն յուշ:
Ծառը կարօտէն`
Մերկ իր յուշերէն,
Դարձաւ աղաչանք`
Երկնատես հայեացք:
Սիրեցի ես ձեզ
Ձեր կեանքովը հեզ,
Որ եղաք ստուեր`
Անցեալին վաւեր: