Բարե՛ւ, ԲՐԳՆԻԿ, Բարե՛ւ ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Գրիգոր Ջանիկեան (Երեւան, Հայաստան)

«Յաղթանակ» պուրակում, աստղերի արծաթացոլ շիկնանքի ներքոյ  սփիւռքահայ ուսանողուհի Հուրին (ազգանունը կարեւոր չէ) համբուրող վարսայարդար  Արամը  մոլեկրքին մի պահ  չդիմացաւ,  ամենանախնական ձեւով սէր խոստովանեց.

– Հուրի ջան, ի՞նչ ես ուզում քեզ  համար անեմ, կնոջիցս բաժանուե՞մ, երկնքից աստղ  բերե՞մ:

– Կնոջիցդ մի բաժանուիր, – ասաց պետհամալսարանի ուսանողուհի, Դանիէլ Վարուժանի մասին աւարտաճառ գրող սփիւռքահայ ուսանողուհին, – ո՛չ էլ երկնքից աստղ բեր: Եթէ իսկապէս ինձ սիրում ես, Բրգնիկ տար:

***

Կինն արդէն մի դար աղերսում էր.

-Երեխայի համար «Մանկական Աստուածաշունչ» առ` գիշերներն անկողնում կը կարդամ, քնեցնելուց յետոյ էլ բարձի տակ կը դնեմ:

Ամուսինը` Մաշտոց մայրուղու գեղեցկութեան սրահի վարսայարդար    Արամը գլխառադ էր անում.

-«Մանկական Աստուածաշունչ» որտեղի՞ց ճարեմ:

-Գրքերը գրախանութում են վաճառում: Կենտրոնականը վարսավիրանոցիդ կից փողոցում է:

Թէկուզ   վարսավիրանոցի կից փողոցում լինէր` Արամը կեանքում գրախանութ չէր մտել, բայց երեխայի սիրոյն մտաւ…

Նրբադէմ, նրբիրան մի աղջիկ, հաւանաբար ուսանողուհի, Արամին չնկատելով, Արամից առաջ ընկնելով մօտեցաւ վաճառողուհուն, վաղուցուայ ծանօթի մտերմութեամբ հարցրեց.

-Վարուժանի երրորդ հատորը լոյս տեսա՞ւ:

-Երեւի Հալէպ էիք գնացել, – ասաց վաճառողուհին, – ուրիշ հրատարակութիւններ էլ ենք ստացել:  Համեցէ՛ք:

Մինչ աղջիկը գրքերն էր թերթատում, Արամը, իւրաքանչիւրի կազմին «Վարուժան, Վարուժան, Վարուժան» կարդալով, արտասանեց.

Երբ գիշերուան մէջ խառնես

Ժըպիտ ժըպտի, բոյրի բոյր`

Իր նըշոյլներն լուսնակն հեզ

Ծոցըդ կ’հեղու թոյր ի թոյր…

Աղջիկը անակնկալի եկաւ, շրջուեց Արամի կողմն ու զարմանքից նոյնիսկ շառագունեց.

-Դուք Վարուժան այդքան լա՞ւ գիտէք…

-Ոչ մի տող չեմ կարդացել, -խոստովանեց Արամը, – մանկութեանս տարիներին, մայրս է ինձ քնեցնելիս արտասանել:

– Ի՜նչ երջանիկ էք, – ձայնեց ուսանողուհին:

***

-Ուրեմն ուզում ես Բրգնի՞կ գնանք:

Արամը կարծեց խօսքը Հայաստանի հերթական տեսարժան վայրի մասին է, անմիջապէս համաձայնուեց.

-Սիրով, – հէնց առաջիկայ հանգստեան օրը:  Միայն ասա, թէ որտե՞ղ է:

-Արեւմտեան Հայաստանում:

– Որտե՞ղ:

– Սեբաստիայի նահանգում, Տիւրիկի շրջանում:

…Այնպէս էր պատահել, որ բոլոր կանանց նկատմամբ, ովքեր երբեւէ, թէկուզ հպանցիկ եղել էին Արամի կեանքում, նա զուտ տղամարդկային պարտաւորուածութիւն էր զգացել:

Կինը գիտէ՞ր, որ այդ տարիքում հանդիպում է ուրիշի` այն էլ ուսանողուհու  հետ: Հաւանաբար` գիտէր: Գիտէ՞ր, որ եթէ գիշերներն ուշ է վերադառնում, այդ ուրիշի  հետ է լինում: Եթէ անգամ չգիտէր, կասկածում էր:  Կասկածում, բայց լռում էր, որովհետեւ համոզուած էր` եթէ  վիճէր, գժտուէր, ինքը պիտի տուժէր: Իրեն պիտի առանց ամուսնու մնալ վիճակուէր: Ու հէնց այն պատճառով, որ լռում, ճակատագրին համակերպւում էր, Արամը Հուրիի հետ ուր էլ որ գնում էր, ամբողջ շրջագայութեան ընթացքում  խղճի խայթ էր զգում:

Նոյնը սահմանն անցնելու պահին զգաց: Հուրին նման մանրամասներ չգիտէր, բայց ձայնն արդէն կերկերում էր:

-Հէնց Արեւմտահայաստան մտնենք, ինձ կ’ասես:

Արամն սկսեց ուղեցոյցերին ուշադիր հետեւել: «Արեւմտահայաստան» ուղեցոյցն էր որոնում, չէր գտնում:

-Կարսին ենք մօտենում, – կարդաց վերջապէս:

-Կանգ առ, – ճչաց Հուրին:

-Կարսը Արեւմտահայաստա՞ն է:

-Ի՜նչ նշանակութիւն ունի, պատանդ է:

Ինքնաշարժից իջաւ, փռուեց քարքարոտ հողին, թեւերը լայն տարածեց: Ասես ուզում էր գրկել հողը: Ու համբուրում էր:

Քարի մի կտոր վերցրած վերադարձաւ, վրան գունաներկ ինքնահոսով «Կարս», ամիս-ամսաթիւը գրեց, դրեց ուղեպայուսակը: Նոյնը կրկնեց Անիում, Իգդիրում, Վանում:

-Էս երկրում հող չկա՞յ, –  զարմացաւ Երեւանի կենտրոնի գեղեցկութեան սրահի վարսավիրը, – անընդհատ քար ես հաւաքում…

Սեբաստիայում էլ պարզուեց, որ ոչ միայն Տիւրիկի շրջանում, ամբողջ նահանգում Բրգնիկ անունով գիւղ չկայ: Եթէ եղել է` վաղուց է եղել: Լցակայանում, որտեղ կանգ էին առել, որպէսզի «Մերսեդես»ին  յարմար վառելահեղուկ ընտրեն, բազմութիւն հաւաքուեց: Հուրին տատից սովորել, վարժ թուրքերէն էր խօսում,  համոզուած պնդում, նկարագրում էր պապի` հազար անգամ նկարագրած գիւղը, Սուրբ Նշան վանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին:  Հաւաքուածները տարակուսանքով տարուբերում էին գլուխները:

Յենափայտը թխկթխկացնելով մի ծերունի էր անցնում: Կանգ առաւ, լսեց Հուրիին, մօտեցաւ:

-Աղջիկս, – ասաց, – դու այն գի՞ւղն ես փնտռում, որտեղ մի մեծ բանաստեղծ է ծնուել:

-Այո՛, – ուրախացաւ Հուրին:

-Սրանք ջահել են, չգիտեն, – քռքռաց ծերունին,- հայերի գնալուց յետոյ գիւղը երկու անգամ փոխել է անունը, մի ժամանակ Չայբոյլու էր, յետոյ Դէօրտելիւլ դարձաւ:

-Հեռո՞ւ է:

-Դիմացի սարի միւս կողմում է, բայց ճանապարհը լաւն է:

Հէնց շրջադարձը յաղթահարեցին` Հուրին ճչաց.

-Բրգնի՜կը:

-Ի՞նչ իմացար, – զարմացաւ վարսայարդարը:

-Չե՞ս տեսնում, ճիշտ այնպիսին է, ինչպիսին «Հացին երգում» պատկերել է Վարուժանը:

Վարսայարդարը «Հացին երգը» չէր կարդացել, բայց «Մերսեդեսի» ընթացքը դանդաղեցրեց, որ Վարուժանի պատկերած գիւղը հեռուից տեսնի… Բլրի լանջին սփռուած ծառազարդ գիւղ էր: Արեւը փոշենման լոյս էր անձրեւում: Լեռնային մի առուակ յայտնի չէ որտեղից բխում, խոխոջալով հովտում հոսող ջրառատ գետն էր թափւում: Մամիկները կապոյտ ծխով ծխացող թոնիրներում հաց էին թխում, հարսները արօտից դարձած գանգրագեղմ ոչխարներն էին կթում, մշակները արտ էին հերկում… Միայն թէ այդ ամէնը թուրքերն էին անում:

Գիւղի կենտրոնում Հուրին իջաւ ինքնաշարժից, սկսեց այս ու այն կողմ նետուել: Կարծես մի ամբողջ կեանք ապրել ու ոչ մի մանրամասնը չէր մոռացել:

– Ահա այն գետեզերքը, որտեղից Վարուժանը բադերի վրայ քար է նետել, բարդիները, որոնց վարսերի սօսափի  ներքոյ  տոհմական դիւցազներգերն է լսել, արահետը, որով Սեբաստիայի Արամեան վարժարանի սաներին Սուրբ Նշան վանքը ուխտ է տարել:

Միջին տարիքի ջլապինդ մի տղամարդ մօտեցաւ, խիստ հարցրեց.

-Ես Դէօրտելիւլի գիւղապետն եմ, ումի՞ց էք թոյլտուութիւն վերցրել, որ մտել էք իմ տարածքը:

Նա գօտիի կաշուէ պատեանից, ցուցադրաբար, ալեհաւաք ունեցող հեռախօս հանեց, այսինքն` եթէ ուզի, հէնց հիմա շրջանային, նահանգային ոստիկանութիւն կը զանգի, երկուսին էլ կը ձերբակալի:

-Իմ մեծ մայրիկն ու մեծ հայրիկն այս գիւղից են, – արդարացաւ Հուրին, – ուզեցինք կատարել նրանց վերջին կամքը` գերեզմաններին մի բուռ հող տանել:

Գիւղապետը հեգնախառն արհամարհանքով ոտքից գլուխ զննեց նրան:

-Եթէ ուզում էք ձեր տատիկ-պապիկների թաքցրած ոսկիները փնտռել, – ասաց, –  զուր է, մերոնք Սուրբ Նշանն ու Սուրբ Սարգիսն էլ են քարուքանդ արել, ոչինչ չեն գտել: Այնպէս որ` եթէ իսկապէս մի բուռ հող վերցնելու էք եկել, վերցրէք, գնացէք:

-Հէնց հիմա՞ գնանք, – հայցեց Հուրին, – ուզում ենք գոնէ մի գիշեր մնալ:

Գիւղապետը ալեհաւաքով հեռախօսը յետ` պատեանը դրեց.

-Մի գիշեր կարող էք մնալ, հիւրատուն ենք կառուցել, բայց հազուադէպ են այցելուներ գալիս, տարին վնասով ենք փակում:

Հիւրատունը հէնց առուի ափին, ուռիների ստուերում էր: Ծեր տիրուհին անձնական այցելուների ջերմութեամբ ընդունեց:

-Համեցէք, համեցէք, – ասում, հերթով կեցասենեակների դռները բացում, ցոյց էր տալիս, –  բոլորն էլ ազատ են, ո՞րն էք հաւանում:

Հուրին ընտրեց գիւղի համայնապատկերին նայողը:

-Դէ՛, դուք տեղաւորուէք, ես թէյ բերեմ:

Լուացուել էլ չհասցրին: Տիրուհին թշշացող ինքնաեռ, սինիով թթի մաթ, խաղողի քաղցու բերեց:

-Բարի գիշեր, – ասաց, – ես էլ ձեզ չեմ խանգարի, ամբողջ գիշեր ոչ ոք չի խանգարի: Առաւօտեան ի՞նչ կ’ուտէք:

-Հայսումիս, – ձայնեց Հուրին:

Տիրուհու աչքերը խոշորացան.

-Մեր հայսումիսը դու որտեղի՞ց գիտես, աղջիկս:

– Իմ մեծ մայրիկն ու մեծ հայրիկը բնիկ այս գիւղից են:

-Եաւրո՜ւմ, – տիրուհին փաթաթուեց, համբուրեց  Հուրիին, դուռը ետեւից փակեց գնաց:

Թէյելն Հուրին արագ աւարտեց, մտաւ լոգասենեակ:  Ամբողջ օրը ոչինչ չէր կերել: Հիմա էլ համարեա չկերաւ:

Յետոյ Արամը ցայուեց, լոգասենեակից դուրս եկաւ, տեսաւ անկողինը բացել, ձիւնաթոյր սաւանի վրայ սրբիչ է փռում:

-Այդ ի՞նչ ես անում, – չհասկացաւ:

-Ուխտել եմ, -ասաց սփիւռքահայ ուսանողուհին, – Բրգնիկում քեզնից պիտի յղիանամ, տղայ ունենամ, անունը Վարուժ դնեմ:

Տղամարդը կարծեց կատակ է անում, ինքն էլ կատակեց.

-Բա որ աղջիկ ունենաս:

Ուսանողուհին վրդովուեց.

-Դու ոչ մի գիրք չես կարդացել, ոչինչ չգիտես: Աքսորավայրում, այն առաւօտը, որ Վարուժանը հասկացել է` իրեն սպանելու են տանում, մնացողներին պատուիրել է. «Կինս` Արաքսին, յղի է, այս օրերին ծննդաբերելու է, խնդրում եմ լուր ուղարկէք, թող նորածնին իմ անունը` Վարուժան դնի»: Աքսորականները, սակայն, չեն կարողացել Չանղըրիից Վարուժանի վերջին ցանկութիւնը ժամանակին Պոլիս հասցնել, Արաքսին տղայ է ունեցել, բայց Հայկակ է կոչել:

Մտաւ անկողին, շտապեցրեց.

-Դէ՛, արի:

– Հուրի, դու գժուել ես:

-Մի վախենայ, կնոջդ չեմ ասի, եթէ չուզենաս, քեզ նրանից չեմ խլի:

Հէնց յայտնուեց կողքին, փաթաթուեց, սկսեց այն կրքով համբուրել, որով «Յաղթանակ» պուրակում էր համբուրում: Այն տարբերութեամբ, որ արդէն իրեն չէր զսպում, չէր կաշկանդւում:

-Եթէ մի բան սխալ անեմ, կ’ասես, բայց խնդրում եմ, չցաւեցնես:

Վարսայարդարը հաստատ ցաւեցնում էր, որովհետեւ ուսանողուհին աչքերը պինդ փակել, շրթունքներով ծուռումուռ ժպտում էր…

Վերջում տակի երեսսրբիչը տարաւ աղբանօթը նետեց, լուացուեց, եկաւ, նորից փաթաթուեց.

-Կը յղիանամ, չէ՞:

-Չգիտեմ, – ասաց վարսայարդարը:

-Միեւնոյնն է, երբ էլ լինի Վարուժիս հայրը դու պիտի լինես: Դու իմ առաջին տղամարդն ես, մի՛ քնիր, – խնդրեց:

Ինքն աւելի շուտ քնեց:

(2021 թ.)

Գրիգոր Ջանիկեանը արձակագիր է, հրապարակախօս, թարգմանիչ, ծնած է Պուլկարիոյ Խասքովօ քաղաքին մէջ, աւարտած է Երեւանի Վ. Պրիւսովի անուան Օտար լեզուներու լեզուագիտական համալսարանը, Մոսկուայի Մ. Կորքիի անուան Գրականութեան ինսթիթութի գրական բարձրագոյն դասընթացքները, երեք անգամ արժանացած է Ֆրանսայի գիրքի ազգային կեդրոնի` արտասահմանեան թարգմանիչներուն համար յատկացուած յատուկ կրթաթոշակին:
Հայաստանի լրագրողներու միութեան «Ոսկէ գրիչ» մրցանակին դափնեկիր է (2003 թ.), հայոց ազգային բանակի պահեստի սպայ:
Հեղինակային եւ թարգմանական գիրքերուն համար արժանացած է բազմաթիւ մրցանակներու, գործերը թարգմանուած են աշխարհի տարբեր լեզուներով:

Subscribe
Տեղեկացում
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x