Իբրեւ արեւմտահայերէնի պահպանման եւ անոր վերաինքնահաստատման ծառայող հարթակ, «Տարբերակ21» սովորավար իր տարիներու աշխատակից Արայիկ Մկրտումեանի յօդուածները կը հրապարկէ արեւմտահայերէնի վերածուած: Արայիկը արեւելահայ գրող է՝ Երեւանէն: Այսօրուայ գրութիւնը, սակայն, կը պահենք արեւելահայերէնով՝ անշուշտ մեսրոպեան ուղղագրութեամբ, պահելու հարազատութիւնը արեւելահայ սրտցաւ գրողի պոռթկումին՝ ի տես մեր ցուցաբերած մահացու անփութութեան՝ արեւմտահայերէնի, նաեւ ընդհանրապէս արեւելահայերէնի նկատմամբ:
«Խմբգ.»
Այսօր շատերն են խօսում այն մասին, որ արեւմտահայերէնը վտանգուած լեզու է: Նոյնիսկ նշում են, որ այն արդէն ներառուած է «մահացող լեզուների» ցանկում: Ու որ էլ աւեի զարմանալի է, հայերի մի մասն ասես հպարտութիւն է զգում դրանից: Նրանք կարծում են, թէ այդ կարգավիճակը յաւելեալ ուշադրութիւն կը բերի արեւմտահայերէնի նկատմամբ:
Բայց արդեօ՞ք այն այդպէս է:
Խիստ կասկածներ ունեմ, թէ այստեղ որեւէ ուրախանալու բան կայ: «Մահացողի» կարգավիճակը չի կարող դրական լինել: Տասնամեակներով արեւմտահայերէնի նկատմամբ ամբողջական անուշադրութիւնն այսօր փոխարինուել է մեռնողի հանդէպ դրսեւորուող կարեկեցանքով: Իսկ դա միայն մի բան է նշանակում․ հայ ժողովուրդը կանգնած է իր ինքնութեան կարեւորագոյն հիմնասիւներից մէկը կիսով չափ կորցնելու ամենաիսկական վտանգի առաջ: Արեւմտահայերէնը, որ մեզանում ընկալւում է որպէս էքզոթիք մշակոյթ, երբեմն՝ շքեղութեան հոմանիշ, իսկ աւելի յաճախ` անհասկանալիութեան ցուցիչ, ոչ միայն պարզապէս արտասանութեան եւ գրութեան ձեւ է, այլեւ հայոց լեզուի հիմքերից մէկը: Պատմական ճակատագիրն այնպէս է կամեցել, որ հայոց լեզուն, բացի նրանից, որ ծնունդ է տուել տասնեակ բարբառների, նաեւ կիսուել է երկու մասի ու դրանցից Արեւմտեանն այսօր գերեզմանաթմբի առջեւ կանգնած է:
Արեւմտահայերէնի կորուստը ջախջախիչ հարուած է հասցնելու մեզ որպէս ազգի; Արեւմտահայերէնի կորուստը հիմքից քանդելու է հայի՝ որպէս աշխարհատարած ազգի տեսլականը: Արեւմտահայերէնի կորուստը ոչ միայն հսկայական մշակոյթի ու գրականութեան, պատմական յիշողութեան ու ժառանգութեան կորուստ է, այլեւ հայ ազգի գերակշիռ մեծամասնութեան ինքնութեան կորստի հարիւր տոկոսանոց երաշխիք: Եթէ հայը հայերէն չի խօսում, նա կիսով չափ է հայ: Հայը կարող է իրեն հայ համարել ու ինքն իրեն նոյնացնել ինքնութեան ցուցիչի այլ բաղադրիչների վրայ` կրօն, տարածք, յիշողութիւն, բայց եթէ այն օտարալեզու է, ապա ենթական է այդ լեզուի հոգեբանութեանը, որովհետեւ լեզուն պարզապէս արտասանութիւն ու գրելու ձեւ չէ, այլ մտածողութիւն, փիլիսոփայութիւն: Եւ որքան կայացած ու հարուստ է լեզուն, այնքան աւելի բարդ է այդ լեզուով գրուածքը թարգմանել այդ լեզուով: Երկու հարուստ լեզուների միջեւ կատարուած թարգմանութիւններն արուեստ են, ինչպէս օրինակ Աստուածաշնչի թարգմանութիւնը: Եւ եթէ մենք կորցնենք արեւմտահայերէնը, ապա կարող ենք վստահ լինել, որ իրականանում է հայ ազգի ինքնաոչնչացման եւս մի ցաւոտ ու անդառնալի փուլ:
Կարող ենք թարգմանել Վարուժան եւ Սիամանթօ անգլերէն կամ գերմաներէն, բայց այն չի հնչի: Գերմանացու կամ անգլիացիու համար այն կը լինի վարպետ գրչի գործ, հիացմունքի առարկայ, բայց ոչ աւելին: Այն կը դառնայ ընդամէնը բանաստեղծութիւն:
«Ու պայքար, պայքար, պայքար երգեցի․․․․է, մի՞թէ սա հնարաւոր է թարգմանել: Բառերը կը թարգմանուին, իսկ ոգի՞ն, ցաւը, բերկրանքը, յիշողութիւնը: Դա ինչպէ՞ս ենք թարգմանելու: Գերմաներէնով այն պարզապէս կը լինի պայքարի մասին, բայց գերմաներէնը չի կարող յիշել հայերէնի յիշողութիւնը, այն հայոց լեզուի ցաւն ու պայքարը չի տեսել, այն հայոց լեզուի քաղցրութիւնն ու քնքշութիւնը չունի: Գերմաներէնն ունի իր՝ գերմանանականը:
Արդեօ՞ք որեւէ մէկը կարող է Սիամանթօ թարգմանել:
Ո՞վ կը յանդգնի թարգմանել․ «անունս է պայքար եւ վախճանս յաղթանակ» տողերը: Ո՞վ կը թարգմանի այնպէս, որ ֆրանսիացի ընթերողն այն կարդալով գոռայ․ «որովհետեւ ես եմ, ես եմ ես եմ ու անունս է պայքար ու վախճանս յաղթանակ»: Ո՞ր ֆրանսիացին կը զգայ այդ տողերի ցաւը, զայրոյթը, վախը, քէնը, վեհութիւնը․․․․ամէն ինչը: Ոչ ոք: Որովհետեւ հայերէնը հայինն է ու հայը` հայերէնին:
Ու այսօր մենք կանգնած ենք դա կորցնելու առաջ: «Լեռներ ու լեզու, ուրիշ ի՞նչ է աւանդել Հայկ Նահապետը: Կորցնես լեզուն եւ լեռներն աչքիդ հարթութիւն կ’երեւան»,- ասում է Տիգրան Մեծը Հայկ Խաչատրեանի «Տիգրան Մեծ» պատմավէպում: Այսօր մենք ինքներս ենք հարթեցնում մեզ, երբ գերադասում ենք այլ լեզուով խօսել, երբ ըստ էութեան նորաձեւական ինքնասպանութիւն ենք գործում, երբ պատրաստ ենք զոհել մեր ինքնութիւնը, մեր Ես-ը յանուն օտար լեզուի:
Նոյն «Տիգրան Մեծ» պատմավէպում արտայայտուած է այն միտքը, որ լեզուն սրի նման է: Այն պաշտպանում է ազգն այնպէս, ինչպէս սուրը՝ իր տիրոջը: Բայց եթէ սուրը ժանգոտուի ու կարող ես մաքրել, եթէ սուրը կոտրուի, նորը կը կռես, ապա ի՞նչ ես անելու, երբ լեզուն ժանգոտուի, երբ այն կոտրուի, բթանայ:
Լեզուի կորուստը մահ է:
Մենք այսօր Հայաստանի Հանրապետութիւնում մեծ խնդիր ունենք արեւելահայերէնի հետ կապուած: Յատկապէս նոր ու աճող սերունդը հայերէն լաւ չգիտէ, հայերէն գրքեր քիչ են կարդում, հայ հեղինակներին` առաւելապէս, իսկ արեւմտահայերէնը գրեթէ օտար լեզու է: Անգամ եղել դէպք, երբ արեւմտահայերէն գրքի հասցէին ասուել է․ «իսկ սրա հայերէնը չունէ՞ք»: Մենք ի վիճակի՞ ենք հասկանալ, թէ ինչ է կատարւում հէնց հիմա: Մենք ի վիճակի՞ ենք հասկանալու, որ սա աւելին է քան Ցեղասպանութիւնը: Մոռացման դէմ կռուելը բարդ է: Այն ինչ մոռացուել է, կարող է այլեւս չվերականգնուել, իսկ մենք երեւի սպասում ենք, որ կորցնենք նաեւ արեւմտահայերէնը, իսկ յետոյ բանաստեղծական պաթոսով ողբանք, որ կորցրինք մեծագոյն մի գանձ, որ հային հայ էր պահում:
Է յետո՞յ: Սա ի՞նչ այլանդակ վերաբերմունք է մեր կողմից մեր հանդէպ: Այս ինչպէ՞ս են կարողացել համոզել մեզ, այս ինչպէ՞ս են լուացել մեր ուղեղը, որ հայերէնը հայի համար դարձել է ծաղրելիք, երբ ֆիլմերի անունները մենք հայերէն քիչ ենք արտասանում, որովհետեւ ծիծաղ է յարուցում, երբ գերադասում ենք «կուղխ» ասելու փոխարէն կիրառել անգլերէն wolverine կամ ռուսերեն расомаха տարբերակը եւ «կուղխ»-ը միայն յիմար ծիծաղ է առաջացնում: Մենք հասկանո՞ւմ ենք, որ ծիծաղում ենք ինքներս մեր վրայ՝ հայելու առաջ կանգնած հռհռում ենք ու թքում հայելու արտացոլուող մեր իսկ պատկերի վրայ:
Զգուշացէք հայե՛ր, զգուշացէ՜ք: Պատմութիւնն այնքան էլ բարեգութ չէ եւ այն անխնայ պատժում է ամէն մէկին, ով բաւարար չափով անհոգ է ինքն իրեն մոռանալու համար:
Զգուշացէ՜ք, հայեր, զգուշացէ՜ք․․․․մենք այսօր մեր ձեռքերով փորում ենք համազգային մոռացման գերեզմանը: Մենք այսօր մեր ձեռքերով կանգնած ենք ինքնամոռացման առաջ: Մենք ու միայն մենք:
Եւ թող ոչ ոք չասի, որ ժամանակակից տեխնոլոգիաներն են մեղաւոր եւ այլն եւ այլն, եւ այլն: Մենք ենք մեզ համար պատասխանատու: Ոչ մի այլ ազգ չի փրկելու հայոց լեզուն հայերի համար:
Մենք այսօր կորցրել ենք մեր հայրենիքի գերակշիռ մասը: Հայ ժողովուրդը ցրիւ է եկած աշխարհով մէկ, հայ եկեղեցին կորցրել է իր վեհութիւնն ու ազդեցութիւնը, պատմական յիշողութիւնն աղճատւում է, տարածքային ինքնութիւնը՝ փոփոխւում:
Ու վտանգուած է նաեւ լեզուն: Այն, ինչը միաւորեց հայախօս ցեղերին որպէս մէկ միասնական ազգի, այսօր ոտնահարուած է: Այն, ինչը միաւորեց, նա էլ կը բաժանի: Վաղը մենք կ’ունենանք իրանախօս, իսպանախօս, անգլախօս ու ռուսախօս, հայկական ծագումով ինչ որ հիբրիդներ, բայց ոչ հայեր, որովհետեւ հայ՝ նշանակում է հայերէն, իսկ եթէ հայերէն չէ, ապա հայ չէ, որովհետեւ, նոյնիսկ եթէ անգլիախօս հայն իրեն հայ է համարում, որովհետեւ ունի մեծ կապուածութիւն իր երկրի հետ եւ այլն, ապա նրա սերունդները կարող են չունենալ դա, որովհետեւ նրանք ոչ միայն խօսելու եւ գրելու են, այլեւ ՄՏԱԾԵԼՈՒ են ոչ հայերէն:
Իսկ մի գուցէ այս ամէնն արդէն ոչ ոքի չի հետաքրքրում:
Վահան Տէրեանը, երբ գրում էր․
«Մի՞թէ վերջին պոէտն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նայիրի․․․․․»:
Մոռացումն է պատմել մեզ, ինքնակործան ու ինքնասպան մոռացումը: Ես սարսափում եմ, որ այսօր-վաղը մենք կանգնելու ենք մոռացութեան թմբի առաջ մթնած հայոց լեզուի առաջ ու ահաբեկուած մեզ պատած մթից՝ բացականչենք․
-Ցոլա՜, ցնորք Նայիրի․․․