ՇՈՒԿԱՆ․․․

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Շուրջս․․․
           շուկայ է,
                        շուկայ է հսկայ․․․

Ամէն ինչ ծախու է
          Թէ՛ իր, թէ՛` ան-իր
                      թէ՛ գոյ, թէ՛՝ ան-գոյ․․․
«Բարի լոյս»-ը սուրբ
             Իր իսկ հարազատ լոյսէն խաթարուած
                          դիմակով ծածկուած
                                     ծախու է հանուած․․․

Սրբութիւնները
           երանգներով վառ
                     աճուրդի դրուած
          շատ վճարողին դրախտի մուտքի սին խոստումներու
                     խուրձերով․․․ ներկուած ․․․

Սուտն ու կեղծիքը
            բոյրով, զարդերով, շպարով թագնուած
                         դռներ կը թակեն․․․

Կեանքի շուկայի մէջ կը տուայտինք․․․

Ի՞նչ կը փնտռենք ապրելու համար․․․

Պիտ՛ գտնե՞նք արդեօք
           կորսուած լոյսը մեր մոլորակի․․․
թէ մենք ալ պիտի թափառինք մոլոր
           անորոշին մէջ անորոշութեան․․․

Այս «առ-ու-տուր»-ի խաղերուն զոհն ենք։

Այս մե՜ծ շուկայի ոլորտներուն մէջ,
             ի՞նչ կը գնենք մենք,
իսկ անոր դիմաց ի՞նչ կու տանք․․։ ԳԻՏԷ՞Ք․․․

Լափիւրընթո՜ս է աշխարհը համակ։
Մարդ արարածի խիղճը խարանող
             քաղցկեղ է թունոտ․․․
Կը կրծէ միտքը եւ հոգին յոգնած․․․

Իսկ մենք շուարած կը դեգերինք լուռ
այս շրջագիծի սահմաններուն մէջ․․․ ԵԼՔԸ ԿՈՐՈՒՍԱԾ․․․

Գերի՛ ենք, գերի՜․․․
Պարզապէս Գ՛․․․․Ե՛․․․Ր՛․․․Ի՛․․․
Շուկային մէջ այս․․․
Որը, ցաւ ի սիրտ,
           մե՛նք,
                  մե՛նք ենք ստեղծած․․․

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ
Գրիգորեան Տոմար- 21 Դեկտեմբեր 2025
Հայկական Տոմար- Օր՝ Հրեհ, Ամիս՝ Քաղոց, Յամի՝ 4517

Subscribe
Տեղեկացում
guest
1 Comment
Oldest
Newest Most Voted
Պարգեւ
Պարգեւ
5 months ago

Հրանդ Մարգարեանի քերթուածները բոլորն ալ խորաթափանց ազդեցութիւն կը ձգեն ընթերցողին ներաշխարհին մէջ, եւ անվարան կարելի է ըսել թէ անոնց մէջ կայ Լիբանանցի հռչակաւոր զաւակ Ժըպրան Խալիլ Ժըպրանի շունջն ու տաղանդը:

1
0
Would love your thoughts, please comment.x
()
x