Նարինէ Մանուկեան. Մեր տան հայը…պապս ու ես

May 21, 2023
Art by MAVKOART

Նարինէ Մանուկեանի (Հայաստան) սոյն յօդուածը ներկայացուած է Տարբերակ21 հանդէսին կողմէ կազմակերպուած «Վերջին 300 տարիներու ամենաազդեցիկ հայը» խոհագրական մրցոյթին (Յունուար-Մարտ 2022):

Իմ հայրը շինական էր: Նրա հայրն էլ էր շինական: Պապուս հայրն էլ էր շինական: Պապուս պապն էլ էր շինական:

Իմ հայրը Մանուկեան էր, նրա հայր էլ էր Մանուկեան: Պապուս հայր` Մանուկը, էլի Մանուկեան էր: Նրա հայրը`Նազարը, Նազարեան: ՈՒ մեր տոհմը երկու մասի բաժանուեց:

Իմ հայրը գաղթական էր: Նրա հայրը`Եղիշը, էլի գաղթական էր: Պապուս հայրն ու պապը իրենց երկրի` Նախիջեւանի տէրը: Իսկ ես Արարատեան դաշտի բնակիչ:

Իմ հայրը դպրոց գնացել էր: Իմ պապը միայն թուերն գիտէր ու տառերն էր ճանչում: Նրա հայրը Մամփրէ արքայ էր: Իսկ պապուս պապը գրաճանաչ չէր, բայց Սողոմոն Իմաստուն էր: Իսկ ես համալսարան աւարտեցի:

Իմ հայրը երազող էր: Նրա հայր էլ էր երազող: Պապուս հայրն էլ էր երազող: Պապուս պապն էլ էր երազող: Ես էլ այդ երազողների երազանքները գրի առնողը դարձայ:

Իմ հօր քիթը մեծ էր: Պապունս աւելի մեծ էր: Նրա հօրը` իր երկրի սարերի նման ազատ էր ազատութեան օդը շնչելու համար: Պապուս պապունը հպարտ էր արծուի նման: Իմը վիրահատեցի`դարձնելով փոքր, ապրելուս վայրի նման:

Իմ հայրը գիւղական տեխնիկայով էր վար ու ցանք անում: Նրա հայրը բահ ու եղանով: Պապուս հայրը խոփ ու գութանով: Իսկ պապուս պապը հողի հետ կռիւ էր տուել ձեռքերով: Ես հող մշակել չսիրեցի…ես քաղաքում տուն գնեցի:

Իմ հայրը հայ էր, որի անձնագրում գրուած էր, որ ծննդավայրը Ադրբեջանի Հանրապետութիւնն է: Պապուս անձնագիրը կորել էր գաղթի ճանապարհին: Պապիս հօր անձնագիրը իր ազատ երկիրն էր: Պապիս պապունը քամու բերանն ընկած ազատութիւնն էր: Իմ անձնագրի մէջ էլ գրուած էր, որ ծծնդավայրս Երեւանն է: Դիմացս Արարատն էր: Աչքս տեսնում է, սիրտս մրմռում, ու կարօտը ծնուած օրիցս դառնում է հարազատ բարեկամս: Թերեւս, ամենահարազատս: Դժուար է երեխային հաւատալ, որ, սարը, որը մանկութեանդ օրերից միշտ քեզ հետ հաւասար է վազել, քոնը չէ: ՈՒ իրականութիւնը ծոր տալով դառնում է կարօտ` արդէն մեծահասակի աչքերով:

Իմ հայրը հիւրասէր մարդ էր: Նրա հօր օջախը հաւաքատեղի էր գաղթականների համար: Պապուս հօր օջախը քարից տուն էր, որը լցուած էր շատ երեխաներով: Պապուս պապու օջախը հիւղակ էր: Մէջտեղում օջախ շինուած, ու ծուխը, որ ելնում էր օջախից: Իսկ ինձ հիւր գալու համար, հիւրերս պէտք է զանգահարեն:

Իմ հօր աչքրը շագանակագոյն էին: Պապունս` կապոյտ: Նրա հօրը` կապտականաչ: Պապուս պապունը`լուրթ: Իմը` սեւին մօտ: ՈՒ կապոյտը նորից դարձաւ կարօտ ու ծոր տալով ինձ էլ փոխեց:

Իմ հայրը զինուոր էր: Նրա հայրն էլ էր զինուոր Հայրենականի մասնակից: Պապուս հայրն էլ էր զինուոր` եղեռն տեսած: Պապուս պապը էլ էր զինուոր: Ես էլ դարձայ զինուոր: Քանզի հայ լինել նշանակում է զինուոր ծնուել ու զինուոր մեծանալ, զինուոր մնալ ու ապրել իբրեւ զինուոր:

Իմ հայրն ապրեց մեզ համար: Պապուս հայրը ապրեց իր որդիների համար: Նրա հայրն էլ իր զաւակների համար: Նրա հայրն էլ իր տոհմի համար: Ես էլ նրանցից սովորեցի ապրել իմ երեխաների համար: Փաստօրէն մեզանից ոչ ոք չապրեց իր համար:

Իմ հայրը աստուածավախ չէր` չնայած անունը սուրբ քաղաքի անունն էր` Վաղարշակ-Վաղարշապատ: Հաւատը անձնագրի հետ էր կորցրել, որում սխալ էր նշուած ծննդեան օրը, ամիսը ու տարին: Նրա հայրը Աստծուն ուրացաւ գաղթի ճանապարհին: Պապուս հայրը Աստծու անունը շուրթերին մեռաւ: Պապուս պապն էր միայն աստուածավախ: Ես էլ փորձում եմ նմանուել պապուս պապուն: Չգիտեմ, այսօր հաւատն էլ է կշռւում…

Իմ հայրը երկար չապրեց: Նրա հայրը աւելի երկար ապրեց: Պապուս հայրը աւելի երկար ապրեց: Պապուս պապն էր ամենաերկարակեացը: Ես չգիտեմ `ինչքան կ’ապրեմ: Իմ եւ հոգին է հիւանդ, եւ մարմինը:

Իմ հայրը սիրում էր բնութիւնը: Ազատ դաշտում էր ծնուել: Իմ պապը ձուլուել էր բնութեանը: Նրա հայրը`ինքը բնութիւնն էր: Պապուս պապը` նախամարդը մեր ցեղի: Ես ալերգիայ ունեմ բնութիւնից, ծառ ու ծաղկունքից, արեւից:

Իմ հայրը չորս զաւակ ունէր: Պապս `վեցը: Պապուս հայրը հինգին կորցրեց կոտորածին: Պապուս պապը`եօթը: Ես էլ երեքը` պահպանելով Սուրբ Երրորութիւնը մեր` ոչ մէկին չկորնելու պատճառաբանութեամբ:

Իմ հայրը հայերէն էր խօսում: Նրա հօր խինգը հինգ չդառաւ, որքան էլ փորձեցինք ուղղել: Վայրիվերոյ բան ստացուեց: Պապուս հօր խինգը խառնուած է թուրքերէն բառերին: Պապուս պապն էր միայն հայերէն խօսում` անաղարտ ու մաքուր, սիրուն ու զուլալ, քաղցր ու երգեցիկ: Իսկ իմ խօսքը համեմուած է մի անորոշ ու չլսուած հայերէնով, օտարաբանութեամբ, ցուցամոլութեամբ…մի տխուր ու աղքատիկ հայերէն է այսօր շուրթերիս…

Իմ հայրը մեծ տուն էր երազել: Բայց զաւակներից ոմանք արտերկրում հանգրուանեցին: Ինձ` որպէս վերջին արմատ, այս հողում թողնելով: Պապուս հայրը թերեւս միակ փրկուած էր իր տոհմի: Պապուս պապը իր հողում փրկուելու մասին չի էլ մտածել: Ես էլ այսօր մտածում եմ զաւակներիս փրկութեան մասին:

Թող ապրի հայի գենը իր հողում, հասկակալի, ընձիւղուի, պայթի հասկի նման, ճաքի հասած նռան պէս: Հասած տանձի պէս հիւթակալի, բայց ոչ իբր խնձոր թափուի ծառերի տակ:

Իմ հայրը կամակոր էր: Պապուցս էր ժառանգել: Պապս էլ իր հօրից, վերջինս էլ իր հօրից: Ես էլ նրանց օրինական ժառանգը եղայ: Հակառակների սերունդը այսօր էլ շարունակւում է: Սա արեան հետ է գալիս ու գնում, յանձնւում է միայն հողին:

Իմ հայրը լոյս է սիրել, չնայած որ ապրել է մութ ու լոյս տարիներին: Իմ պապը աչքերի լոյսը կորցրել էր ճանապարհներին: Լաւ չէր տեսնում, բայց ամէն ինչ լսում էր կրկնալի լաւ: Նրա հայրը երանի էր տալիս, որ Աստուած շուտ մարի իր աչքերի լոյսը: Որ չլսերու չտեսներ այն, ինչ տեսաւ: Այն, որը բառերով պատմելն անկարելի էր: Այն, ինչ մարդը պատմել չի կարող: Այն ինչ ամենասարսափելի ֆիլմում անգամ չես տեսնի: Նրա հայրն ունէր աչքի տեսողութիւն եւ ականջի լսողութիւն: Բնութիւնից ծնուած մի կատարելութիւն, մի պարզ բնութիւն`մարդու կերպարանքով:

Ես այսօր սիրում եմ լոյսը, բայց չեմ գնում նրա ետեւից: Ես ժամանակ չունեմ. չնայած, որ շատ եմ վատնում ժամանակս: Չգնալով դէպի լոյսը` ես կազմափոխւում եմ: Փոխւում է եւ հոգիս, եւ մարմինս: Ես նմանւում եմ խաւարասէրի: Թող զաւակներս գնան դէպի լոյսը: Թող լցուեն լոյսով, ոսկեջրուեն ու ապրեն լոյսի մէջ, քանզի նրանից է փրկութիւնը:

Իմ հայրը կնամեծար էր: Կնոջը սիրում էր, մօրը`պաշտում: Նրա հօր համար տատիս խօսքը օրէնք էր: Պապուս հօր համար կնոջ ձայնը քամու ետեւից ընկած արձագանք մնաց: Կորաւ սարերում, հարուածուեց քարերին ու ծեծուած, բզկտուած երկինք աւանդուեց: Առաւօտուայ խոտերին նստած ցօղը դարձաւ: Պապուս պապն կնոջ հետ աչքունքով էր խօսում: Խօսել լռութեան մէջ, հասկանալ լռութեան մէջ, սիրել լռութեան մէջ, տառապել լռութեան մէջ, ծիծաղել լռութեան մէջ: Լռութիւնը ամէն ինչում էր. լռութիւնը կեանք էր ծնում: Ես բնապաշտ դառայ`բնութեան մէջ մարդուն փնտռելով:

Իմ հայրը միայն իմ հայրն էր, իմ կատարելութիւնը, որից կարելի է սովորել: Ինձ համար Սուրբ Երրորդութիւն կազմող Աստծուց, Մօրիցս յետոյ: Իր կոշտ ու հողոտ ձեռքերով, իր բարի ու ազնիւ հոգով, իր քչախօսութեամբ, համեստութեամբ, ուրիշներին նուիրուելու անձնազոհութեամբ: Կատարելութիւն, որին միշտ կարելի է եւ պէտք է ձգտել: Փաստօրէն պարզուեց, որ կատարելութիւնների շղթան կծիկի նման բացուելով գնում է անցեալ` հասնելով մինչեւ կատարեալ բնութեանն ու Աստծուն: Կծիկի ծայրը ձեռքիս է: Չգիտեմ, կը լինեմ ես կատարելութիւն իմ երեխաների համար: Եթէ մայր եմ, գուցէ: Չէ որ մայրը մայր է, մայրը կին չէ:

Իմ հայրը ապրեց զարմացած, ամէն օր զարմանում էր: Պապուս զարմանքը այլ էր: Նրա հայրը զարմանում էր պապուս չզարմացածների վրայ: Կծիկը, բացուելով գնում էր անցեալ: Անցեալն զարմանալիօրէն պարզ էր, իսկ ներկան անզարմանալիօրէն բարդ: Ես էլ զարմանալիօրէն բարդ եմ իմ զարմանալիօրէն բարդ աշխարհ հետ, իմ զարմանալիօրէն բարդ աշխարհում: Երանի պարզ լինէի եւ չմեռնէի ամէն առաւօտ`գիշերը վերածնուելու համար: Երանի բարդ չլինէի`պարզ լինելու համար, գոյատեւելու եւ ոչ թէ ապրելու համար :Իմ բարդութիւնը սպանում է ինձ:

Իմ հայրը պարզապէս հայր էր, աշխարհի ամենալաւ հայրը: Շնորհակալ եմ նրան, որ կամ, որ այն եմ եղել, ինչ որ եղել եմ: Պայրս էլ իր հօրն էր շնորհակալ: Նա էլ իր հօրը: Պապուս պապն էլ `իր հօրը: Փաստօրէն մենք շնորհակալ եղող ազգ ենք, մենք մասրենի ազգ ենք, մենք ամէն ինչ տեսած, բայց պատուով ապրած ազգ ենք: Մենք պիտի ապրենք, պիտի արարենք, պիտի ծնենք ու շատանանք: Չլինի այնպէս, որ փորձութեան միջից դուրս չգանք: Յանկարծ պարտուենք: Ապրեցինք ամենադժուարը: Իսկ հիմա յանկարծ, զաւակներս, չլինի այնպէս, որ մեր ու ձեր կեանքը գետնով տաք ու չապրենք, չարարենք, չապրենք մի բուռ մնացած, քարտէզի վրայ մի արցունքի կաթիլի նմանուող երկրում…չլինի այնպէս, որ չլինենք: Աստուած չանի, որ չլինենք: Աստուած չանի, որ Աստուած էլ որոշի չլինի:

Կը լինենք:

Հայր, որդի եւ սուրբ հոգի. Ամէն:

Մրցոյթին մասին` https://bit.ly/3cnLwcx

Արդիւնքներուն մասին՝  https://bit.ly/3Th26eF

0
Would love your thoughts, please comment.x
()
x