Սպարապետի մատաղը

February 9, 2023
Ձեւաւորումը՝ Էտուարտ Թաշճեանի

Հայրենի հանրաճանաչ գրող Գրիգոր Ջանիկեանի սոյն պատմուածքը ներկայացուած է Տարբերակ21 հանդէսին կողմէ կազմակերպուած «Վերջին 300 տարիներու ամենաազդեցիկ հայը» խոհագրական մրցոյթին (Յունուար-Մարտ 2022)՝ արտամրցութային կարգով: Ինչպէս այս շարքի նախորդ գրութիւններուն պարագային, այստեղ եւս, անձի՝ որպէս վերջին 300 տարիներու ամենաազդեցիկ հայու ընտրութիւնը եւ արտայայտուած միտքերն ու կարծիքները բացառապէս հեղինակինն են եւ անպայմանօրէն չեն արտայայտեր Տարբերակ21-ի խմբագրութեան տեսակէտները:

Մեր անցեալը` հեռաւոր, հազարամեայ անցեալը իրօ՞ք այդպիսին էր եղել, թէ հետագայում էին միտումնաւոր վերաշարադրել, որ սերունդներին ինքնավստահութիւն հաղորդեն, թշնամու սարսափը վանեն: Դասական վէպերում, յատկապէս պատմավէպերում, ինչ հե՜շտ էին նուաճւում յաղթանակները:

Հեռախօսը հանգիստ չէր տալիս: Բոլորն ուզում էին իրենից` անձամբ իրենից իմանալ մանրամասները: Լսափողը վերցնում, հանգամանօրէն բացատրում էր, որ ռազմաճակատում իրավիճակն իրօք լարուած է, մերոնք տեղի են տալիս, նահանջում են` զարմանում էին. ՙԻնչո՞ւ են տեղի տալիս, ինչո՞ւ են նահանջում՚: Ինքն էր մեղաւոր` սովորել էին, որ ամէն անգամ ռազմաճակատից չքնած, չհանգստացած խորհրդարան մտնի, զեկուցի` ՙԱզատագրեցինք Բերձորը, ազատագրեցինք Շուշին, ազայ…՚: Քանի–քանի անգամ նախազգուշացրեց, որ դեռեւս վաղ է ուրախանալը, թշնամին արդէն կանոնաւոր բանակ է ստեղծում, իսկ մենք ուշանում, աններելիօրէն հետ ենք մնում: Ասել է, չէ՞, միշտ է ասել, որ վարորդներից, արհեստաւորներից կազմուած ջոկատներով երկար չենք դիմանայ: Ամէն ոք թէկուզ չնչին, պահի յաջողութեամբ ուրախանում, մեծամտանում, ձգտում էր իրեն վերագրել յաղթանակը: Յաղթանակները իրենցն էին, պարտութիւնները` պաշտպանութեան նախարարինը: Վերջերս դրանով էլ չգոհացան, սկսեցին կուսակցական յաւակնոտութիւններ ի յայտ բերել, նեղ շահերի համար ճակատում խուճապ յարուցել: Ոչ, դա արդարացում չի, եթէ ինքն է ստանձնել պաշտպանական, ազատագրական պատերազմի ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը, ինքն էլ պիտի աւարտին հասցնի: Հէնց այդ նոյն` վարորդ, արհեստաւոր, խենթ ու խելառ տղաներով, որոնց աւելի է սիրում, հաւատում, քան հարթակներից ճառ ասողներին: Ճառային հայրենասիրութի՞ւն կը լինի: Նախասենեակում աղմուկ էր` չսիրած բանը: Ինչ որ այցելուներ էին ուզում ներս մտնել, օգնականը չէր թողնում: Գիտէր, որ նեարդայնացած է: Համոզում, խնդրում էր, որ յետոյ գան, յամառում էին: Վճռական վեր կացաւ տեղից: Ո՞վ հնարեց այս պաշտօնը, ինքը թուղթ ստորագրո՞ղ, քաղքենիական բողոքներ լսո՞ղ է: Այն էլ լարուած, ծայրայեղօրէն լարուած օրերին, երբ մայրաքաղաքում ոչ ոք, բառացիօրէն ոչ ոք չէր պատկերացնում, թէ ինչ է կատարւում` ռազմաճակատում: Նստեց իր սիրած արագընթաց ինքնաշարժը, քաղաք սուրաց: Ինքն իր հետ մենակ մնալը դժուար էր, դժուար էր ամբողջ պատերազմի` համաժողովրդական պատերազմի պատասխանատուութիւնը կրելը: Փողոցում, մարդկանց հետ, մարդկանց մէջ աւելի արագ գտաւ սառնարիւնութիւնը: Հասկանալի է` կտրուկ փոփոխութիւն էր անհրաժեշտ: Ի զուր հետ եկաւ` պատերազմի ելքը անհնար է մայրաքաղաքում, հրամաններով ու խորհրդարանական որոշումներով վճռել, պատերազմի ելքը վճռում է նա, ով գնում է մեռնելու կամ յաղթելու: Բայց ո՞ւմ ուղարկի, այս լարուած պահին, երբ պատերազմի մասին շատ աւելի յուսահատական լուրեր են տարածւում, քան իրականութիւնն է, ո՞վ կը գնայ մեռնելու կամ յաղթելու: Ինքը, մէկը հէնց ինքը: Մենա՞կ: Էպոսի հերոս հոյ չի՞, մենակ չի գնայ, առաջինը կը գնայ: Ու հետեւից կը գան, անպայման կը գան: Իսկ եթէ չեկա՞ն: Ուրեմն չպիտի թողնի, որ խափանարարութիւնը մայրաքաղաք հասնի, հէնց հիմա կռուած տղաներին կը գտնի, երես առ երես կխօսի, անկեղծօրէն կասի ամէն ինչ: Նրանք, ովքեր արիւն են թափել այդ հողի համար, կը հասկանան իրեն: Արդէն գիւղ, տուն էր հասել: Արգելակեց ինքնաշարժը, որթատունկերի ուռճացող ողկոյզները չնկատելով ներս մտաւ:

– Վազգէն ջան,– անակնկալի եկաւ ու ուրախացաւ մայրը,– սիրտս կանխազգում էր, որ գալու ես, քո սիրած քրչիկով ճաշն եմ եփել: Տաքացնե՞մ:

– Տաքացրու:

Գրասեղանին թափթփած թղթերն էին, անաւարտ պատմուածքները, ակնարկները, վիպակը: Չլինէր, չլինէր այս պատերազմը, ինքը նախկին երիտասարդ գրողը դառնար, պատմուածքը վերջացնէր, խմբագրութիւն տանէր, ապրէր ամսագրի հերթական համարին սպասելու տագնապն ու պատմուածքը տպագրուած տեսնելու երանելի բերկրանքը: Մի ժամանակ այնքան ասացին, ինքն էլ սկսեց հաւատալ, որ գրող է ծնուել: Եթէ գրող է ծնուել, ճակատագիրը ինչո՞ւ է իրեն այլ ուղղութեամբ տանում: Այսպէս մինչեւ ո՞ւր պիտի հասցնի: Ձեռագրերի միջից մաքուր թուղթ գտաւ, գրեց`«կոչ մարտական ընկերներիս»,  տակը գիծ քաշեց, փորձեց կենտրոնանալ:

Ինչ ուզում է գրեր, սկիզբը միշտ դժուար էր ստացւում: Բայց հոյ հերթական պատմուածքը չէ՞ր, որ մի կողմ հրեր, գնար ֆուտբոլ խաղար: Ամէն ակնթարթը թանկ էր:

Մայրը անձայն, աննկատ ներս մտաւ.

– Քրչիկը տաքացաւ, բերե՞մ:

Չզգաց, թէ ինչպէս գոռաց.

– Քրչիկի ժամանա՞կ է…

Ինչպէս որ ներս էր մտել, այնպէս էլ հեռացաւ: Ցած դրեց գրիչը: Միշտ այդպէս էր լինում, բարկութիւնը ծնողների, յատկապէս մօր վրայ էր թափում, յետոյ օրերով չէր կարողանում քնել: Մի անգամ չդիմացաւ, կէսգիշերին ներողութիւն հայցող երկտող գրեց (չնայած երկտող էր, դժուար գրուեց),   վարորդի հետ ուղարկեց: Նորից կարդաց կոչի վերնագիրը, թուղթը ճմրթեց, զամբիւղը շպրտեց: Ուրեմն ինքն իր ընկերների հետ նախօրօք մտածուած, ձեւակերպուած դարձուածներո՞վ պիտի խօսի: Խորհրդարանի պատգամաւո՞ր է, թէ խորհրդային հռետոր: Դուրս եկաւ, դէմ առ դէմ հանդիպեց մօրը, որն իրեն էր նայում ու ձեւացնում էր, թէ չի նկատում: Մօտեցաւ, գրկեց ուսը.

– Էս խառը օրերը անցնեն, ընկերներիս հաւաքելու եմ, բերեմ, մինչեւ քրչիկն ու ղաւուրման չվերջացնեմ, չեմ գնալու:

– Աստուած ձայնդ լսի, Վազգէն ջան,– հալուեց մայրը:

Հեռուստատեսութեան ստուդիայում հաղորդավարուհին` մի սիրունիկ, ջահէլ աղջիկ, վաղուց արդէն սպասում էր իրեն: Ձեռքը մեկնեց, շիկնելով բարեւեց: Պաշտպանութեան նախարարի տեղ է դրել: Երեւի չգիտի, որ կ’ինոդերասան է ու ֆուտբոլիստ, խոստումալից գրող է ու լրագրող: Էն տարիներին պիտի հանդիպէր:

Հեռուստակենտրոնի անընդհատ փոփոխուող տնօրէնները էսքան սիրուն աղջիկ որտեղի՞ց են ճարում: Յետոյ էլ ասում են` ամուսնացիր: Տաղաւար մտնելիս հայելու մէջ հպանցիկ զննեց իրեն: Նոր անդրադարձաւ, որ կիսաթեւ վերնաշապիկով է, մազերը խառնուած են ու այնպիսի յոգնած, լարուած դէմք ունի, որ թւում էր, թէ սափրուած չէ: Արդէն ուշ էր, նշան արեցին, որ սկսի: Երկու ձեռքը բռունցքի պէս սեղմեց, դրեց սեղանին, շեշտակի նկարահանող սարքին նայեց. – Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին. անկախ ամէն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից, դուք հայոց բանակի զինուորներ էք, պարտաւոր էք պաշտպանել հայ ժողովրդին, հայոց սահմանները: Եթէ համաձայն էք ինձ հետ, հէնց վաղը, վաղը չէ միւս օրը թող Հայաստանի իւրաքանչիւր շրջանից, իւրաքանչիւր քաղաքից ընդամէնը 10–15 տղայ գա, եւ մենք կ’ունենանք 500 հոգիանոց Մահապարտների գումարտակ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ` զօրագունդը պիտի կռուի ամենավտանգաւոր տեղում, ուր ապրել–մեռնելու հաւանականութիւնը 50 տոկոս է 50 տոկոսի նկատմամբ: Թշնամին նոյն թշնամին է, որ ձեր առջեւից փախչում էր, մենք էլ նոյնն ենք: Եթէ կարողացանք 500 հոգիանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռուելու ու յաղթելու ենք…

Արդէն մթնող քաղաքով տուն էր սլանում ու չէր կարողանում կենտրոնանալ: Մտքերը խճողւում էին, ինչպէս ինքնաշարժերը խաչմերուկում: Ելոյթն իրեն դուր եկաւ, ինքն իրենից գոհ էր: Ինչի՜ց էր գոհ, այն բանի՞ց, որ իր ամենասիրելի, ամենալաւ տղաներին կոչ արեց, աւելի ճիշտ առաջարկեց հետը մեռնելու գնալ: Տեսնես առաջին ծրագրի հաղորդումները հանրապետութեան բոլոր գիւղերը, քաղաքները հասնո՞ւմ են, Թումանեանում Սեյրան Անթանեսեանը, Նոյեմբերեանում Գարիկ Շառոյեանը լսեցի՞ն իրեն: Որ լսեն, կ’արձագանգեն: Իսկ եթէ… Երեւի շտապեց, անխոհեմ վարուեց: Վաղը, միւս օրը ոչ մէկը չի գալու, խայտառակ է լինելու, նոր բամբասանքների տեղի է տալու: Հէնց տուն մտաւ, հեռախօսը զնգաց:

– Հաղորդումը կրկնե՞նք,–հարցնում էր սիրունիկ հաղորդավարուհին:

– Այո՛, անպայման:

– Ժամը 9–ի՞ն, թէ 11–ին:

– 9–ին էլ, 11–ին էլ:

… Մինչ այդ երբեք այդքան շուտ տնից դուրս չէր եկել: Աշխատանքի գնալու փոխարէն ուղիղ զօրամաս մտաւ, աչքերին չհաւատաց: Շարահրապարակը լեփ–լեցուն էր: Ի՜նչ Թումանեան, ի՜նչ Նոյեմբերեան, հանրապետութիւնում գիւղ, քաղաք չէր մնացել, որ ջոկատ ուղարկած չլինէր: Շատերին չէր էլ ճանաչում: Ու գալիս էին, անընդհատ նորանոր խմբեր էին գալիս: Արտաքուստ ուրախանում, բայց ներքուստ սիրտը ճմլւում էր: Ո՞ւր է տանում այսքան երիտասարդի, ո՞ր մասն է հետ գալու: Յետոյ կարողանալո՞ւ է նստել, պատմուածք գրել:

Շարուեցին ըստ բնակավայրերի, ապա դասակների բաժանուեցին: Դանդաղ անցնում էր շարքերի միջով: Հայեացքը մի ճաղատ տղամարդու հանդիպեց: Ակամայ կանգ առաւ.

– Քանի՞ տարեկան էք, հայրիկ:

– Յիսուներեք:

– Դէ գնացէք տուն, թող ջահէլները կռուեն:

– Պարոն նախարար, խնդրում եմ, մի վիրաւորէք: Երբ 1965 թուականին` ընդյատակեայ շարժմանը, ապրիլի 24–ի ցոյցերին մասնակցելու համար ինձ տանջում էին պետանվտանգութեան նկուղներում, այս ջահէլները չէին ծնուել:

Ի՜նչ ասեր, անուն–ազգանունը հարցրեց, փորձեց մտապահել: Հեռուից նկատեց Սամուել Շահմուրադեանին: Տաք–տաք խօսում էր Ալեքսանդր Թամանեանի թոռան` ֆիզիկոս, ստորգետնեայ լաբորատորիայի վարիչ Շուրայի հետ: Գլխով սառը բարեւեց. ՙԹէ դուք ինչ գործ ունէք: Մտաւորական էք, գնացէք ձեր գործով զբաղուէք՚: Անմեղ հայեացքով մի տղայ` մի իսկական երեխայ, չէր սափրուել, որ մեծ երեւա:

Չկարողացաւ անտարբեր անցնել.

– Տղայ ջան, որտե՞ղ ես սովորում:

– Համալսարանում:

– Բա ինչի՞ ես դասից փախել:

– Չեմ փախել, գիշերը ձեր ելոյթը լսել եմ, քունս չի տարել:

Չէ, դա լինելու բան չէր, ինքն այդ իրաւունքը չունէր: Շարքերից ելաւ, կտրուկ հետ շրջուեց.

– Բոլոր չամուսնացածները ու նրանք, ովքեր իրենց ծնողների միակ արու զաւակն են, դուրս գան:

Էրիկ Բաղդասարեանը, Գագիկ Եօլչեանը, որոնց դեռեւս Բերձորի մարտերից էր ճանաչում, առաջացան: Յետները էլի մի քանի տասնեակ հոգի:

– Դուք չէք կարող մահապարտ դառնալ, մեզ հետ Արցախ գալ: Հէնց հիմա հեռացէք:

Էրիկն ու Գագիկը գիտէին բնաւորութիւնը: Պատրաստակամ ձայնեցին.

– Լսում ենք, պարոն նախարար:

Մի քանի օր անց սակայն, երբ էշելոնները Արցախ էին շարժւում, տարբեր բեռնատարների  թափքին երկուսին էլ նկատեց: Յետներն այն մի քանի տասնեակ հոգուն, ովքեր ոչ ամուսնացած էին, ոչ էլ տանը քոյր կամ եղբայր ունէին:

Ու չնայած իրենք դեռեւս ճանապարհին էին, լուրն արդէն հասել էր Արցախ: Նորութիւնը աչքալուսանքի, աւետիսի պէս բերնէ–բերան էր անցնում.

– Իմացե՞լ էք, Վազգէն Սարգսեանը հինգ հարիւր մահապարտի` Հայաստանի ամենալաւ կռուողներին Ղարաբաղ է բերում: Ինչպէս նաեւ սալեարկայ ու ծխախոտ…

***

Իր գաղափարն էր: Ցանկութիւնը: Առաջարկեց, որ մահապարտների յաղթանակի, ինչպէս արդէն թերթերն էին գրում` պատմական յաղթանակի 5–րդ տարեդարձի կապակցութեամբ կրկնեն այն ամէնը, ինչ արեցին նախքան Արցախ մեկնելը: Մահապարտերը, ինչպէս հինգ տարի առաջ, առաւօտ վաղ հաւաքուեցին Երեւանի կենտրոնում` «մայրաքաղաքային» գնդում, ֆուտբոլ խաղացին, ջրաւազանում լող տուին, Եռաբլուր բարձրացան, որ զոհուած մարտընկերների շիրիմներին ծաղիկ դնեն: Մատուռի մօտ հետ շրջուեց, աչքերը շաղուեցին: Ինչ շա՜տ էին սեւազգեստ մայրերն ու հարսները: Տապանաքարերին հակուելիս զուսպ, խուլ հեկեկոցնէր էր լսում ու կեանքում թերեւս առաջին անգամ գօտեպնդող խօսքեր չէր գտնում: Անսպասելի յիշեց: Թե՞ տեղնուտեղը հնարեց.

– Արցախում ուխտել էի, որ եթէ յաղթանակով վերադառնանք, Գեղարդում մեր զոհուած տղաների համար պիտի ցլիկ մատաղ անեմ: Ճիշտ օրն է, գնանք ուխտս կատարենք: Ոչ ոք չբացակայի, բոլորդ իմ հիւրն էք: Մատաղատան գաւիթում մի քանի հարիւր, թերեւս հազար հոգի, բոցկլտացող մոմերը բռնել, խիտ շրջան էին կազմել: Մէջտեղում թողել էին իրեն ու ցլիկին: Խաչով ու աղօթագրքով դուրս եկաւ քահանան.

– Մատաղն ո՞ւմ համար է:

Ո՞ր մէկի անունը տար:

Քահանան բացեց աղօթագիրքը, ամէն դարձուածքը հասկանալի դարձնելու համար անշտապ, ներշնչումով կարդաց.

– Ամէն, ամէն ասեմ ձեզ…

Կեանքում դեռեւս երբեք չսափրուած, քսանը չլրացրած ուսանողի` Վարդան Յովհաննիսեանի համար…

– Եթէ զհասկն ցորենոյ անկէայ երկիր…

Իր մտերիմ գրչընկերոջ, տաղանդաշատ գրողի` Սամուել Շահմուրադեանի համար…

– Ոչ մեռանիցի…

Ծնողների միակ արու զաւակի` Էրիկ Բաղդասարեանի համար…

– Ինքը միայն կայ…

Գարիկ Շառոյեանի համար, որն առաջինն էր իր կոչին արձագանգել, դեռատի կնոջն ու նորածին որդուն թողել, առաւօտ շուտ Նոյեբերեանից Երեւան էր հասել…

– Ապա եթէ մեռանիցի…

Սլաւիկ Ղահրամանեանի համար, ում սիրտը փամփուշտը ծակել, արիւնոտել էր կնոջը, զաւակներին գրած անաւարտ նամակը…

– Բազում արդիւնս առնէ..

Գագիկ Եօլչեանի ու այն մի քանի տասնեակ տղաների համար, որոնք չէին հասցրել ամուսնանալ…

– Ամէն…

– Ամէ՜ն,– հառաչի նման արձագանգեցին բոլորը:

Վազգէն Սարգսեանը փախցրեց հայեացքը: Ոչ ոք չտեսաւ նրա արտասուքը:

Վազգէն Սարգսեանը վերջին 300 տարիների (եւ ոչ միայն վերջին 300 տարիների)  ամենաազդեցիկ հայն է, որովհետեւ հայոց բազմադարեան պատմութիւնում առաջին անգամ  գերեվարուած ազգային տարածքներ ազատագրեց,  հայ ժողովրդին ցեղասպանուածի ստորացուցիչ բարդոյթից ձերբազատեց, ազգային արժանապատուութիւն հաղորդեց, սեփական մարտական ուժերի նկատմամբ  հաւատ,  յաղթողի ինքնավստահութիւն ներշնչեց:

Մրցոյթին մասին` https://bit.ly/3cnLwcx

Արդիւնքներուն մասին՝  https://bit.ly/3Th26eF

0
Would love your thoughts, please comment.x
()
x