ի՞նչ հոլով խնդիր կ’առնէ վարանիլ բայը

March 27, 2024

1.Գիտնանք զանազանել կէտադրութիւնը.

 հարաւ-արեւելք                       հարաւարեւելեան

 հիւսիս-արեւելք                       հիւսիսարեւելեան

 հարաւ-արեւմուտք                            հարաւարեւմտեան

 հիւսիս-արեւմուտք                  հիւսիսարեւմտեան

  1. Ընթերցող մը հարց կու տար, թէ ի՛նչ հոլով խնդիր կ’առնէ վարանիլ բայը.

–վարանիլ բանի՞ մը, թէ՞ վարանիլ բանէ մը:

Առ այս կատարեցի հետազօտութիւն մը, որ տուաւ հետեւեալ արդիւնքը.

–Սրտադողիս մէջ կը վարանիմ իրեն հետեւելու (Գ. Զոհրապ, «Ճեյրան»):

            –Այս Նոր տարուան  սեմէն, Հա՛յր իմ,

   Ներս անցնելու կը վարանիմ («Աւետաբեր», հատոր 40, թիւ 1, էջ 1, 1887):

            –Կը վարանիմ  ըսելու՝ կը վերադառնանք (Վրէժ-Արմէն, «Ոստայն-6»):

            –Կը վարանիմ կառավարութիւնը ժողովի հրաւիրելու («Ազդակ», 29/12/2021):

–Մտքէս խօսքեր կը խուժեն գրչիս ծայրը, ու կը վարանիմ զանոնք գրելու (Արծրուն Աւագեան, «Գրական թերթ», 5/4/2017):

            –Բայց կը վարանիմ գալ Գեթսեմանի,  

   Ուր քունով մ’աչքերս պիտի ծանրանան (Եղիշէ Դուրեան, «Ետեւէ՛ս եկուր»):

            –Շրթներուս ծայրը կու գան տրտում տողեր, զորս կը վարանիմ արտասանել (Վազգէն Շուշանեան):

            Եւ ահա, ինչպէս նկատելի է, այդ հետազօտութիւնը, որ կը հիմնուի արեւմտահայերէնին տիրապետող գրիչներու վրայ, մեզ կը դնէ բոլորովին ուրիշ կացութեան մը առջեւ.

            ա. Ըլլալով չէզոք բայ՝ վարանիլ-ը կ’առնէ տրական հոլով խնդիր՝ հետեւելու, անցնելու, ըսելու, հրաւիրելու, գրելու,−  ինչ որ բոլորովին օրինաչափական է:

            Բայց նաեւ՝

            բ. Անդին ունինք գալ եւ արտասանել հայցականները, որոնք ձեւով մը… գայթակղեցուցիչ են, բոլորովին՝ անսպասելի:

            Իսկ բացառական հոլովի հետքն անգամ չկայ:

            Ի՞նչ մտածել այս կացութեան ընդառաջ:

                                                                      *   *   *

            Իրողութիւնը այն է,  որ հայերէնը վաղուց հակում ցոյց կու տայ թօթափելու տրական հոլովը այն բայերուն, որոնք իբրեւ խնդիր կը ծառայեն այլ բայի մը, ինչպէս է պարագան վարանիլ բային, որ եթէ մեծ մասամբ տրական հոլով խնդիր առած է, ապա ան գոհացած է նաեւ հայցական հոլովով՝ արտասանել եւ գալ:  

            Տրականը թօթափելու այս հակումը բաւական ճամբայ կտրած է. օրինակ՝            –  Պարտաւորուեցան մերժել հրաւէրդ:

–  Հրաւիրեցին հաշտուիլ այս կացութեամբ:

–  Այս քայլերը կը միտին խախտել  հաւասարակշռութիւնը:

–  Կ’ամչնային յիշեցնել անոր պարտքը:

–  Ան մտադիր չէ իր խօսքին տէրը ըլլալ:

–  Մեր ընկերները ստիպուած են  պահանջել:

– Համբարձում աղա ժամացոյցը մէջտեղ կը հանէր, երբ հարկ տեսնուէր  զայն լարել եւ ուղղել (Երուանդ Օտեան, «Համբարձում աղա»):

-Ադրբեջանը իրաւունք չունի դառնալ մրցումներու  անցկացման  վայր («Արմէնպրես», 27-5-15):     

Այս օրինակներուն ութն ալ ենթադրուած էին ունենալ տրական հոլով խնդիր, բայց ահա բոլորն ալ առած են հայցական հոլով խնդիր, եւ արդի հայերէնը բոլորովին հաշտ է հոլովական այս «մեղանչում»-ներով:  Պայմանաւ անշուշտ որ չգործուին սապիսի  «աչք ծակող»  չափազանցութիւններ. օրինակ՝ «Չորս հոգի բաւական չէին կրել այնչափ… ծանրաբեռնեալ ննջեցեալն» (ՅՊ, Ազգային ջոջեր, «Խորէն Գալֆայեան»),− ուր  կրել հայցականը   առայժմ խորթ կը հնչէ, եւ պէտք է ունենայինք  կրելու տրականը: Նոյնպէս ալ՝  «Բնաւ պէտք չունիմ գիտնալ, թէ  Մարտիրոս աղան որո՛ւն տղան է» (ՅՊ,  «Մեծապատիւ մուրացկաններ»):

                                                            *   *   *

Կացութիւնը բոլորովին նոյնն է արեւելահայերէնի մէջ՝ սա՛ տարբերութեամբ, որ այնտեղ երեւոյթը շատ աւելի տարածուն ու ընդգրկուն է. բոլորովին հազուագիւտ է տրականի կիրարկութիւնը:

Եւ կայ շատ աւելին:

            Արեւելահայերէնը ազատօրէն կը թօթափէ բացառական հոլովն ալ. օրինակ՝

            –Նա խուսափում էր Մարտիրոսի մասին մի ստոյգ բան ասել (Սերո Խանազատեան):

            Ուր արեւմտահայերէնը կը պահանջէ ըսել՝ կը խուսափի ըսելէ (բաց.):

            — Հրաժարուէ՞ր  իր զօրքի վրայ կրակողներին  պատասխանել («Ազգ», 3-6-16)՝ փոխանակ պատասխանելուց:

            — Արկատիո Երկրորդը դադարել էր պատկանել իր ընտանիքին» (Ռուբէն Յովսէփեան, «Հարիւր տարուան մենութիւն», էջ 260)՝ փոխանակ պատկանելուց:

            — Պաշտպանները  խուսափել են այս  հարցի վերաբերեալ յատուկ դիրքո-րոշում յայտնել» (Հետք.ամ, 3-9-18)՝ փոխանակ յայտնելուց:

            —  Նա խուսափում էր մի ստոյգ բան ասել (ՍԽ)՝ փոխանակ ասելուց:

            Արեւմտահայը այս հինգը առանց բացառութեան պիտի գրէր բացառականով: Թէեւ վրէպներ բացառութեան կարգով կրնան պատահիլ. օրինակ՝

            –«Օպամա Էրտողանը կը նկատէ միապետական ղեկավար մը, որ կը հրաժարի օգտագործել իր հսկայական  բանակը…» («Ազդակ», 12-3-2016, էջ 10)[1]:

                                                                  *   *   *

            Այս բոլոր շեղումները կը պատահին մի՛միայն անորոշ դերբայ խնդիրի պարագային: Եթէ խնդիրը այլ բառ է, օրինակ՝ գոյական, դերանուն,  ապա ոչ մէկ շեղում  կը նկատուի ընդհանուր հայերէնի մէջ. օրինակ՝

–Կանայք դարձեալ պիտի խուսափին նրանից (Ակսել Բակունց):

Դժուարութիւնից մի՛ խուսափէք,  ինչպէս  սատանան խուսափում է  կրակից (Սերո Խանազատեան):

            –Նա հրաժարուեց իր հարազատ որդուց (Ստ. Մալխասեան):

            –Ես միշտ խուսափում էի նրանից (Ստ. Մալխասեան):

            [email protected]                                                                                 Արմենակ Եղիայեան

 

[1] «Ազդակ»-ի քաղաքական էջը,− ինչպէս կը նկատէք,− միշտ հաւատարիմ է իր՝  հայերէնը  աղաւաղելու  սրբազան ուխտին: